Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Նա ասել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «կդարձնի եվրաատլանտյան տարածաշրջանն ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Դիվանագետը նաև նշել է, որ կան դրական փոփոխություններ շվեդական կողմի՝ Անկարայի «անվտանգության օրինական մտահոգությունների» ընկալման մեջ, որոնք առաջին հերթին կապված են PKK-ին հակազդելու հետ։
Նա ասել է, որ Շվեդիան Թուրքիային կներկայացնի «ճանապարհային քարտեզ», որը պարունակում է պատասխանատվություն և քայլեր, որոնք նա պետք է ձեռնարկի ահաբեկչությանը հակազդելու համար:
Բանավեճի արդյունքում հանձնաժողովը որոշել է քննարկվող թեմայի շուրջ հստակության բացակայության և բանակցությունների անբավարար հասունության պատճառով հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը ստորագրել էր հոկտեմբեր ամսվա սկզբին, որից հետո այն ուղարկվել էր խորհրդարան: