Բաժիններ՝

Վթարից հետո վեճը վերածվել էր դանակահարության. հետախուզվող սիսիանցին հայտնաբերվել է Երևանում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Սիսիանի ոստիկանների հետ: Հենց Սիսիանի բաժնի կողմից էր այս տարվա հուլիսի 14-ից հետախուզվում երևանցի 23-ամյա երիտասարդը, խափանման միջոցը` կալանք:

Նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին:

Իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, Սիսիանում: Ժամը 19.30-ին Իսրայելյան-Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վթար. մի սիսիանցու վարած «Նիսանը» բախվել էր Անգեղակոթ գյուղի մի բնակչի «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենային:

Վթարի վայրում մարդիկ էին հավաքվել, և սկսվել էր վեճ, որը վերաճել էր խուլիգանության: Հնչել էին հայհոյանքներ, խախտվել էր հասարակական կարգը:

Այդ ընթացքում վիճողներին էր մոտեցել նաև մայրաքաղաքի 23-ամյա բնակիչը, որը, խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ էր պատճառել անգեղակոթցի վարորդին ու նրա եղբորը, նաև վիճողներին բաժանող մի քաղաքացու:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս