Գրիգորյանը պահանջել է բարձրացնել իր աշխատողների պարգևավճարների չափը. պահանջը կատարվել է

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուն պես լծվել է ծառայության աշխատակիցների ֆինանսական վիճակը կտրուկ լավացնելու աշխատանքներին։

Թեև այն կառույցը, որն ինքն է ղեկավարում, ունենալու է շատ մեծ աշխատավարձի և դրա 10 տոկոսի չափով հավելավճարների ֆոնդ, սակայն Գրիգորյանը որոշել է չբավարարվել պարգևավճար-հավելավճարի 10 տոկոսով և Կառավարությունից պահանջել է ավելին։

Գրիգորյանը պահանջել է հավելավճարների շեմը բարձրացնել առանց այդ էլ բարձր աշխատավարձերի 10 տոկոսից, ինչին դեմ է արտահայտվել ֆինանսների նախարարությունը։

Ըստ ֆիննախի առարկության՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը պահանջել է, որ հատուկ իրենց համար սահմանվի բացառություն, ինչը  թույլ կտա յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեջ գերազանցել հավելումների համար սահմանված 10%-ի շեմը։

Կարդացեք նաև

Ֆիննախից արձագանքել են, որ նման բացառություն սահմանվել է միայն զինված ուժերի մարտական առաջադրանքներ իրականացնող խմբերի համար։ Ավելին՝ Ֆիննախից նաև հայտնել են, որ Քրիստինե Գրիգորյանի կողմից ղեկավարվող կառույցի կողմից ներկայացված փաթեթում տրված չեն բավարար հիմնավորումներ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար հավելավճարների չափը 10 տոկոսից ավելի սահմանելու համար։

Չնայած Ֆիննախի այս կարևոր առարկությանը, Կառավարությունը բավարարել է Գրիգորյանի կողմից դրված պահանջը, և Արտաքին հետախուզական ծառայության ծառայողների պարգևավճարի չափը կմեծանա։

Նշենք, որ 2024 թվականի բյուջեի նախագծով Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցի համար նախատեսված է 2 միլիարդ 617 միլիոն դրամ։

Ծառայության համար նաև պետք է նոր շենք ձեռք բերեն։

Տեսանյութեր

Լրահոս