Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։
Կառավարություն նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Մենք հիմա 8-ժամյա պահպանություն ենք իրականացնում անտառներում և ազգային պարկերում. 24-ժամյա հսկողություն իրականացնելու խնդիր կա։ Այս փոփոխությունները միտված են հենց դրան։
Առաջարկում ենք Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայողին իրավունք է տրվելու իրավախախտման դեպքում արձանագրել իրավախախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և տուգանք նշանակել, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել։
Առաջարկում ենք «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի և ազգային պարկերի ՊՈԱԿ-ների հաստիքները առանձնացնել և 1176 հաստիքային միավորով ծառայություն հիմնել»,- ասաց Սիմիդյանը։
Նրա խոսքով՝ ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։ Սիմիդյանը հավելեց, որ 2024 թվականին ամբողջապես կավարտվի ծառայության հիմնումը։