Իմ նկատմամբ ակնհայտորեն հետապնդում է իրականացվում. Ցոլակ Ակոպյան

Դավիթ Գյուրջինյանին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո, ըստ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի, համալսարանում սկսվել են բռնաճնշումներ, ուսանողական խորհրդի ընտրությունների կեղծում, բազմաթիվ դասախոսների ու աշխատակիցների ազատում աշխատանքից:

«Ուղղակի 1/3-ով չընտրված ուսանողին նշանակեցին ուսխորհրդի նախագահ: Միակ նպատակը ոչ թե այն էր, որ իրենք հետաքրքրված են այդ հարցերով, այլ որպեսզի ձևավորվի մի խորհուրդ, որը ձեռնտու է պարոն Գյուրջինյանին: Իսկ հիմա համալսարանի ռեկտորը, որը, իմ համոզմամբ, բացարձակապես որևէ բան չի հասկանում ֆինանսական հարցերից, անհասկանալի որոշումներ է կայացնում, այս ձևով երկար շարունակվելու դեպքում համալսարանն ինքն իրենով կհասցնի փակման»,- լրագրողների հետ զրույցում ցավով արձանագրեց Ակոպյանը:

Տեղեկացնենք, որ այսօր Բրյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի աշխատանքային վերջին օրն է իր պաշտոնում: Նրա խոսքով՝ ինքն աշխատանքից ազատման հրամանը ստացել էր սեպտեմբերի 19-ին՝ Արցախում մեկնարկած ռազմական գործողությունների օրը, երբ ինքը բողոքի ձայն էր բարձրացրել տեղի ունեցող իրադարձությունների դեմ: Ըստ Ակոպյանի՝ այս ամբողջ գործընթացում իր նկատմամբ բազմաթիվ խախտումներ են իրականացվել:

«Սեպտեմբերյան իրադարձությունների ֆոնին, շարունակելով իմ պայքարը, ես Գյուրջինյանին ասել եմ, որ անկախ աշխատանքային հարաբերություններից, ես համարում եմ, որ ինքն օրինական չէ, ու ես պայքարելու եմ դրա դեմ, չեմ պատրաստվում ազատվել աշխատանքից: Ի դեպ, իմ հանդեպ եղավ շանտաժ, թե՝ «դիմում ես գրում ու աշխատանքի չես գալիս, կամ որոշակի քր. գործեր եմ քո նկատմամբ ուղարկում Դատախազություն»: Այս պահին նախաքննություն է ընթանում: Բայց ես, բնականաբար, վախենալու որևէ բան չունեմ»,- ասաց Ակոպյանը՝ հայտարարելով, որ իր նկատմամբ ակնհայտորեն հետապնդում է իրականացվում:

Կարդացեք նաև

Ակոպյանը հայտարարեց, որ իր ազատման հրամանագրում ասված է, թե ինքը չի համապատասխանում իր պաշտոնին, այնինչ, իր խոսքով, անցած տարիներին, իր խոսքով, բազմիցս պատվոգրերի է արժանացել՝ որպես համալսարանի աշխատակից:

«Ի դեպ, ռեկտոր ընտրված Կարինե Հարությունյանը նույնպես, առանց որևիցե հիմնավորման, մինչև այսօր հաստատված չէ իր պաշտոնում: Միակ կետն այն է, որ քվեարկությունում պարտված պարոն Գյուրջինյանը դիմել է դատարան, ու այս ընթացքում, իբր 1 ուսանողի փոխարեն՝ մեկ այլ ուսանող է մասնակցել, ինչ-որ քրեական գործ է հարուցվել: Երկար ժամանակ է՝ քննչական գործողություններ են ընթանում»,- տեղեկացրեց Բրյուսովի պրոռեկտորը՝ հավելելով, որ որևէ բացատրություն չի տրվել նաև, թե ինչու չի ընտրվել իրենց հոգաբարձուների կազմը:

Որպես հավելում, Ակոպյանը համոզմունք հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարության՝ բուհերի վերաբերյալ ներկայացրած ծրագրի համաձայն, նպատակ կա 2027 թվականից դադարեցնելու Բրյուսովի համալսարանի կամ լեզվաբանական ուղղությամբ որևէ համալսարանի գործունեություն:

«Ակադեմիական քաղաքում նախատեսվում է ունենալ միայն 4 համալսարան՝ տեխնոլոգիական, որը միավորելու է տեխնոլոգիական բուհերը, կրթական, որը միավորելու է Մանկավարժական համալսարանի ու Բրյուսովի փոքր տոկոսը, մյուս հատվածն էլ ակնհայտ է, որ միանալու է ԵՊՀ-ին: Ունենալու ենք սպայական համալսարան և մշակութային ուղղվածությամբ համալսարան: Սա խոսում է այն մասին, որ այն պայքարը, որ համալսարանը ծավալեց վերջին տարիներին՝ մեկ է, կառավարությունը չի հրաժարվում իր այս չմշակված ու չպլանավորած ծրագրից՝ իր քաղաքականությունը պարտադրելով բուհերին: Ես հույս ունեմ, որ այս իշխանությունները չեն մնա մինչև 2027 թվականն ու այդ որոշումը չի իրականացվի»,- համոզմունք հայտնեց Ակոպյանը:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես էր եկել նաև այլ ՝ Բրյուսովի համալսարանը՝ Մանկավարժականին, հետագայում՝ նաև Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին կցելու նախաձեռնություններով: Երկուսն էլ չիրականացան՝ բուհի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկարատև բողոքի ակցիաների արդյունքում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս