Ցնդաբանություններով պետություն չեն կառավարում. Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին. Էդգար Ղազարյան
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը համոզված է, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից 3 տարի անց, Արցախի ՊԲ զորահանդեսն ադրբեջանական ԶՈՒ զորահանդեսի վերածել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:
Էդգար Ղազարյանը հանրությանը հրավիրեց նոյեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին գալ Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահի նստավայրի տարածք՝ այնտեղից իրենց արդար պահանջը ներկայացնելու այն մարդկանց, որոնք խաբում են ժողովրդին՝ կործանելով երկիրը:
«Հայաստանի ցանկացած պաշտոնատար անձ՝ լինի վարչապետ, նախարար կամ պատգամավոր, հաշվետու է մեր պետությանը և չի կարող ցնդաբանություններով պետություն կառավարել։ Մենք հարցեր ունենք, որոնց պատասխանը պետք է ստանանք։ Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի տեքստով երդում է տվել՝ ծառայել մեր ժողովրդին, հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։ Մեր Սահմանադրության մեջ որտե՞ղ, ո՞ր օրենքում է գրված «անկլավ» բառը:
Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հիմա, եթե հանրաքվե չի եղել, մեր ժողովուրդը նրան այդ թեմայով անգամ բանակցելու իրավունք չի տվել, նա ի՞նչ իրավունք ունի գնա սրա-նրա հետ մեր երկրի տարածքներն այլ պետությանը հանձնելու բանակցություններ վարելու:
Նա օրը մի գիրք, մի հանրագիտարան կարդալուց որոշումներ է կայացնում։ Գնացել է ԱԺ-ում ասել է՝ ես կարդացել եմ Հայկական սովետական հանրագիտարանը, որի վերջին հատորը 1987 թվին է հրատարակվել, առաջինը՝ 1974։ Կործանված երկրի հանրագիտարանով ասում է՝ մեր երկրի տարածքը 29 հազար 800 քկմ է, մեր երկիրը կադաստրի վկայական չունի: Մենք չենք կարող հաշտվել, որ մարդն այսպիսի պրիմիտիվ ցնդաբանություններով պետություն կառավարի»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն կադաստրի վկայական չունի՝ Ղազարյանն ասաց, որ այդպիսի փաստաթուղթ որևէ պետություն չունի: Ղազարյանի խոսքով, սակայն, ՀՀ-ն ունի Անկախության հռչակագիր, որն ավելի արժեքավոր փաստաթուղթ է, քան ՀՀ Սահմանադրությունը, և հիմնված է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու գաղափարի վրա: Որպես հավելում՝ նա հիշեցրեց Անկախության հռչակագրի 14-րդ կետը, որտեղ հստակ սահմանված է, որ ցանկացած պաշտոնյա պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել հռչակագրի պահանջներին։
«Այսինքն, եթե նա մտածում է, որ կարող է ասել, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այդպես կարող է մտածել Եվլախի գյուղապետը։ Շատ է ուզում Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թող գնա, դառնա Եվլախի գյուղապետ, եթե իրեն ընտրեն։ Չեմ կարծում, որ Եվլախում նման հիմար ընտրություն կանեն»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը զավթած անձին պետք է վռնդել:
Ղազարյանն ասաց, որ իրենք հանդիպում են ակնկալում Փաշինյանի հետ, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ու Փաշինյանը կպատասխանի իրենց հարցերին:
«Եթե Փաշինյանը չունի այդ հարցերի պատասխանները և ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Նազելի Ստեփանյան