«Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ 168.am-ի և Դավիթ Սարգսյանի» գործով Արամազդ Կիվիրյանը միջնորդեց հայցային վաղեմության հիմքով կարճել վարույթը

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, շարունակվում էր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:

Նախորդ դատական նիստին հայցվոր կողմը հայցապահանջի հստակեցման, բայց ըստ էության հայցապահանջի փոփոխության միջնորդություն ներկայացրեց:

Այսօր դատարանում, ինչպես միշտ, 168.am-ին ներկայացնում էր փաստաբան Արամազդ Կիվիրյանը, իսկ Դավիթ Սարգսյանին` փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

Դատական նիստի սկզբում պարզ դարձավ, որ դատարանը որոշում էր կայացրել հայցի առարկան փոփոխել։ Պատասխանող կողմը չէր ստացել դատարանի որոշումը։ Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, որպեսզի պատասխանող կողմը ծանոթանա որոշման բովանդակությունը։ Դատական նիստը վերսկսվեց, ինչից հետո պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդություն ներկայացրեց վարույթը կարճել հայցային վաղեմության հիմքով։

Կարդացեք նաև

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը դեմ էր միջնորդությանը ու դատարանին խնդրեց ամբողջությամբ մերժել այն։

Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը նույնպես պնդեց` հայցի առարկայի փոփոխության պայմաններում ողջ ծավալով կիրառելի է հայցային վաղեմությունը, քանի որ հայցվոր կողմը ըստ էության բերել է նոր պահանջ, իսկ դրանց վերաբերյալ մեկամսյա ժամկետը լրացել է։

Արամ Օրբելյանը միացավ իր գործընկերներին։

Հաջորդիվ դատարանը բաշխեց ապացույցների ձեռքբերման պարտականությունը կողմերի միջև։ Կողմերը նոր ապացույցներ ներկայացնելու կարիք չունեին։ Միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը որոշումը կհրապարակի նոյեմբերի 20-ին։

Հիշեցնենք՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.amում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:

Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:

Ավելին, Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն էր գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը՝ մերժելով շարժական գույքի և դրամական հաշիվների վրա կալանք դնելու միջնորդությունը:

Ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրողի ու լրատվամիջոցի գույքերի ու հաշվի վրա:

Այս մինչ օրս նախադեպը չունեցող խայտառակությունը դատապարտեցին բոլորը՝ քաղաքական-հասարակական գործիչներ, տեղական և միջազգային լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ):

Բարձրացված աղմուկից հետո Տիգրան Ավինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 168.amի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս