Տիգրան Ավինյանը նոր պահանջներ է ներկայացրել «168 ժամին» և Դավիթ Սարգսյանին. Հայցի առարկան փոփոխվել է. նիստը հետաձգվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր շարունակվում է «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:

Հիեցնենք՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:

Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան ՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:

Ավելին, Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն էր գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը՝ մերժելով շարժական գույքի և դրամական հաշիվների վրա կալանք դնելու միջնորդությունը:

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրողի ու լրատվամիջոցի գույքերի ու հաշվի վրա:

Այս մինչ օրս նախադեպը չունեցող խայտառակությունը դատապարտեցին բոլորը՝ քաղաքական-հասարակական գործիչներ, տեղական և միջազգային լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ):

Բարձրացված աղմուկից հետո Տիգրան Ավինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցով:

Նախնական դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը ներկայացրեց հայցի բովանդակությունն ու իրենց դրամական պահանջները: Հաջորդիվ Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ճշգրտումներ կատարեց հրապարակման առանձին հատվածների վերաբերյալ՝ դիտարկո՞ւմ են այս կամ այն հատվածը որպես վիրավորանք կամ զրպարտություն:

Իր դիտարկումները հայցի վերաբերյալ ներկայացրեց նաև «168 ժամի» ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը: Վերջինս հարցեր ուներ հայցի առարկայի որոշակիության հետ կապված:

Որոշակի ընթացակարգային հարցերի քննարկումից հետո դատարանն առաջարկեց դատական նիստն ընդհատել, քանի որ Տիգրան Ավինյանը և նրա ներկայացուցիչը չէին ստացել թե՛ Դավիթ Սարգսյանի, և թե՛ «168 ժամի» պատասխանները՝ որպես պատասխանողներ:

Այսօր ըստ էության ևս մեկ նախնական դատական նիստ է տեղի ունենում: Դավիթ Սարգսյանը դատական նիստին ներկայացել էր իր պաշտպանի՝ Արթուր Հովհաննիսյանի հետ: 168.am-ի շահերը ներկայացնում է Արամազդ Կիվիրյանը: Այսօրվա դատական նիստը նույնպես հետաձգվեց ևս մեկ դատական նիստով, մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը՝ ժամը10:30-ը:

Հետաձգման որոշումը պայմանավորված էր հայցվոր կողմի կողմից հայցապահանջի հստակեցման վերաբերյալ դատարանի թղթային որոշում կայացնելու անհրաժեշտությամբ:

Դատական նիստից հետո Արամազդ Կիվիրյանն ասաց՝ ըստ էության հայցապահանջի հստակեցումը դատարանը դիտարկել է որպես հայցի առարկայի փոփոխություն, և հիմա դատարանը պիտի որոշի՝ թույլ տա՞լ, թե՞ ոչ հայցը քննել: Արամազդ Կիվիրյանն ասաց՝ իր կարծիքով՝ դատարանը կթույլատրի:

Դավիթ Սարգսյանն էլ նշեց՝ հայցվոր կողմն ամեն ինչ անում է, որ հետաձգի նիստերը գոնե մինչև Երևանի ավագանու ընտրություններ, որ դատարանում Ավինյանի մասին ողջ ճշմարտությունը հնարավորինս ուշ հնչի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս