Ձեզ հենց հարց են տալիս, թեքվում եք պիպետկայի կողմ. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Արարատ Միրզոյանին ասաց, թե որքան նա շատ է խոսում ՀՀ սուվերենությունից ու տարածքային ամբողջականությունից, այնքան դրա կորուստն է ունենում երկիրը։
«Ի՞նչ սուվերենության մասին է խոսքը, երբ Երևանում տեղադրվում է արձան, որից հետո Թուրքիայից լինում է արձագանք, ինչից հետո Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հերթով սկսում են քննադատել արձանի տեղադրումը և ասել, որ դրանք արձանի հետ կապ չեն ունեցել։
Հիմա մենք՝ որպես պետություն, երկիր, մեր ամենագլխավոր խնդիրը, եթե կուզեք իմանալ՝ ամենակարևոր խնդիրն անվտանգության ապահովումն է։ Այդ ճանապարհին մեր ամենագլխավոր խնդիրը ՀՀ պետական մակարդակով հնչեցվող թեզերն են, հիմա ուզում եմ, որ դուք այդ երկու թեզերին անդրադառնաք, որը քարոզում եք հենց ինքներդ և ձեր ուժը։ Ուզում եմ հանրության համար դուք երկու հարցի պատասխանեք՝ ջանք չի խնայվում պետական մակարդակով քարոզելու, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ ամենամեծ խնդիրն Արցախի հարցն էր, հիմա էլ փորձ է արվում համոզել, որ Արցախի օկուպացիայով խնդիրները վերացել են և հնարավորություն է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու և, էսպես կոչված, պայմանագիր կնքելու։ Պատասխանեք՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ ՀՀ տարածքից քանի՞ կիլոմետր տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից։
Երկրորդ թեզը, որը կրկին քարոզվում է իշխող ուժի միջոցով, ձեր Կառավարությունը ջանք չի խնայում համոզելու, որ հնարավոր է Եվրախորհրդարանում ծափողջույններով կամ տարբեր պաշտոնյաների թվիթներով, հայտարարություններով ապահովել անվտանգությունը։ Դուք բառացիորեն որդեգրել եք ծափողջունային դոկտրինա՝ անվտանգության ապահովման։ Հինգ տարի է՝ ամբողջական իշխանություն եք, և ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ մեր անվտանգության ապահովման ուղղությամբ»,- հետաքրքրվեց Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ՀՀ Կառավարությունն ի՞նչ կաշկանդվածություն ունի, որ վերջին երեք տարիների ընթացքում Իրանի Հանրապետության համագործակցության վերաբերյալ առաջարկներն իրողություն չեն դառնում։
Պատասխանելով՝ Արարատ Միրզոյանը նախ ասաց՝ դժվար է արձագանքել պատգամավորին և մնալ այն սահմաններում, որում կուզենար մնալ։
«Ձեր խոսքից ես երկու տեսական տպավորություն կարող եմ ունենալ. մեկը, որ ատելության սահմանը, ծավալը ձեր՝ դեպի իշխանությունն այնքան մեծ է, որ դուք չեք տեսնում որոշ իրողություններ, և սա լավատեսական մեկնաբանությունն է։ Երկրորդ մեկնաբանությունն ավելի վատն է՝ դա նշանակում է, որ դուք տեսնում, հասկանում եք, բայց ուղղորդված կերպով փորձում եք ներկայացնել այն լույսի ներքո, որը ներկայացնում եք։ Չգիտեմ՝ այս երկուսից ո՞րն է ճիշտ, բայց հուսամ՝ առաջինն է»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Երբ Քրիստինե Վարդանյանը փորձեց արձագանքել, Արարատ Միրզոյանը նրան ընդհատեց՝ շեշտելով՝ տեղից չարձագանքել, իսկ ինքը հարցերին կպատասխանի այնքանով, որքանով ճիշտ է համարում։
Այնուհետև կրկին դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց.
«Բերեք մեկ օրինակ, երբ ասում եք, թե մեր իշխանության ժամանակ տեսնում եք Հայաստանի ինքնիշխանության կորուստ։ Եկեք վերլուծենք ՀՀ ինքնիշխանության ամրության աստիճանն այս շրջանում և այն շրջանում, որտեղ դուք այս կամ այն կերպ առնչվել եք իշխանությանը։ Աղմկահարույց գործարքներ, որոնցով Հայաստանն իր ենթակառուցվածքների մի զգալի մասը տվեց այլ երկրների կամ երկրի, հասկանում եմ, հարցի մեջ սադրանք կա։ Եկեք նստենք վերլուծենք, կամ փորձագետները վերլուծեն, թե այդ ում օրոք է ինքնիշխանությունը կորուստ ունեցել և ում օրոք է ինքնիշխանության ամրապնդում տեղի ունեցել։ Հեգնանքով նշում եք, որ մենք չենք կարողանում զենք ձեռք բերել, մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի և անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում նման գործարքներ անել։ Չէ, սովոր էիք, և այդպես էր կարգը, և համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն այնքան զենք, ինչքան պետք է, և չկաթացնեն այնքան, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվի այլ սցենարներ, բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։
Արձագանքելով՝ Քրիստինե Վարդանյանն ինքն էլ խորհուրդ տվեց նախարարին չհնչեցնել մերկապարանոց հայտարարություն, ապա ավելացրեց.
«Այս ի՞նչ մանիա է, Ձեզ հենց հարց են տալիս, թեքվում եք պիպետկայի կողմ, կամ շպիոնության, Ձեզ պարզ հարց են տալիս Հայաստանի անվտանգության մասին»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։