ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, գործընթացը պետք է արագացնել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանվածների մեծ հոսք կա, մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Բնականաբար, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենար, մեր խնդիրն այն է, որ այդ գործընթացը հնարավորինս արագ կազմակերպենք։ Իհարկե, այն ունի օրենսդրական որոշակի նրբություններ, որոնք պետք է պահպանվեն։ Կառավարությունը և պետական մարմինները հնարավորինս պետք է արագ աշխատեն, և նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ճիշտ ու օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որ արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ առաջիկայում նաև հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում կգործարկվի «50+50» ծրագիրը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բռնի տեղահանված արցախցիների թոշակների վճարման համար ինչ համակարգ են ներդնելու, ինչ սկզբունքներ պետք է գործեն:
Մանրամասնելով՝ փոխվարչապետն ասաց, որ կենսաթոշակների իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։
«Ընթացակարգային խնդիրներ կան, հիմքում համապատասխան հաշվարկ պետք է լինի, որպեսզի նշանակվի կենսաթոշակը՝ ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Սոցապ նախարարության մեր գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված այդ անցումը լինի, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Հուսամ, Կառավարության հաջորդ նիստում այդ կարգավորումների պարզեցումը կհաստատենք»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։