ՀՀ քաղաքացու անձնագիրը չի կարող դիտարկվել՝ որպես ճամփորդական փաստաթուղթ. Վարդան Այվազյան
Սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարությունները, թե ՀՀ քաղաքացու անձնագիրն արցախցի մեր հայրենակիցներին տրվել է՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, իրականության հետ աղերս չունի: 168.am-ի հարցին՝ արդյո՞ք այսպիսով ՀՀ ներկա իշխանությունները ցանկանում են չեզոքացնել արցախահայերի գործոնը, նա պատասխանեց.
«Իրավական առումով, ՀՀ քաղաքացու անձնագիրը չի կարող դիտարկվել՝ որպես ճամփորդական փաստաթուղթ: Մենք ունենք օրենք՝ ՀՀ քաղաքացիության մասին: Եթե երբ ստանում են ՀՀ քաղաքացու անձնագիր, օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից ու կրում են պարտականությունները: Մենք ունենք ՀՀ Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենք: Այդ Սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր առնվազն 6 ամիս գրանցված են ՀՀ տարածքում, ապա իրավունք են ստանում մասնակցելու համապետական ընտրություններին»։
Այս համատեքստում, ըստ Այվազյանի, արցախցի մեր հայրենակիցները ՀՀ մշտական գրանցում չեն ունեցել: Դա ստանալու դեպքում մեր քաղաքացիների ընտրազանգվածը զգալիորեն կմեծանա:
«Չեմ ուզում փակագծեր բացել, թե նրանք ինչպիսի վերաբերմունք կդրսևորեն ընտրությունների ժամանակ, որ քաղաքական ուժի նկատմամբ… արցախցիները ՀՀ-ում մշտական գրանցման կանգնելու պարագայում նաև զգալի ներդրում կունենան հայոց բանակի համալրման հարցում: Հատկապես զինապարտության տարիքի արցախցիները, որոնք տեսել են այդ ամեն ինչը, ունեցել են և ունեն այդ մարտական ոգին, որոնք թրծվել են պատերազմների թոհուբոհի մեջ, նրանք կարող են պատրաստ կադրեր լինել նաև մեր ԶՈՒ-ի համար՝ որպես ՀՀ քաղաքացիներ»,- ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ հավաստիացնելով, որ նրանց փախստականի կարգավիճակ տալով՝ միայն դյուրինացվում է ՀՀ տարածքը լքելու գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան