«ԱՆԻՎ» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» պատկերազարդ մենագրությունը
Հայագիտական հետազոտությունների զարգացման ևաջակցության «Անիվ» հիմնադրամը՝ Բելառուսի Ազգային պատմական արխիվի համագործակցությամբ, պատրաստել և հրատարակել է «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» մենագրությունը (հեղ.՝ Դ.Վ. Լիսեյչիկով, Ե.Ս. Գլինսկի):
Գիրքը նվիրված է հայ ջուլհակների ընտանիքի՝ Յան և Լեոն Մաջարսկիների պատմությանը, ովքեր բելառուսական հանրահայտ «Սլուցկիի գոտու» հեղինակն են:
Գրքի ստեղծման ակտիվ աշխատանքները սկսվել են 2018-ից: Բելառուսի և Լեհաստանի փաստաթղթային արխիվներից ուսումնասիրվել է Մաջարսկիների տոհմի, ինչպեսև Սլուցկի մանուֆակտուրայի ստեղծման և զարգացման պատմությունը:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին գլխում դիտարկվում է Լիտվայի Մեծ Դքսության հողերում հայկական ներկայության պատմությունը 16-18-րդ դարերում և Մաջարսկիների ծագումնաբանությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայատառ գրառումների ուսումնասիրությանը: Կարդացվել և թարգմանվել են ֆաբրիկայի արխիվի բոլոր հայկական կարևոր գրառումները, որը մեծաքանակ նշանակալի տեղեկությունների աղբյուր է:
Յան Մաջարսկին իր ողջ կյանքի ընթացքում նամակներում հաղորդակցվել է միայն հայերեն այբուբենը, իսկ Լեոն Մաջարսկին, տիրապետելով բանավոր և գրավոր լեհերենին, շարունակում էր իր անձնական գրառումներն անել հայատառ:
Գրքի երկրորդ մասում հրապարակվել են Բելառուսի և Լեհաստանի արխիվներում տեղ գտած՝ ընտանիքի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ կալվածքների գույքագրումներ, վկայագրեր, պայմանագրեր, ազնվական ժողովների որոշումներ, քաղվածքներ եկեղեցիների գրանցամատյաններից, անձնական նամակներ:
Առանձնահատուկ պետք է նշել գրքի նկարազարդ շարքերի մասին։ Այն բաղկացած է ավելի քան 100 նախկինում անհայտ և քիչ հայտնի պատկերազարդումներից, որոնք հայտնաբերվել են Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի արխիվներում և թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
Մաջարսկիների ընտանիքի պատմությունը հրապարակված մենագրության մեջ դիտարկվում է՝ որպես 18-րդ դարում հայ-բելառուսական մշակութային կապերի վառ օրինակ։ Այս գիրքը թույլ կտա նորովի ըմբռնել Յան և Լեոն Մաջարսկիների ներդրումը բելառուսական մշակույթի մեջ և սերտորեն կապել նրանց անուններն այդ երկրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի հետ: Գրքի վրա աշխատելու ընթացքում հավաքված նյութը նաև հետազոտական թեմաների մի ամբողջ շրջանակ է բացում բելառուսական հողերում հայկական ներկայության պատմության և Բելառուսի պատմության մեջ հայերի դերի ու տեղի մասին հետագա ուսումնասիրությունների համար:
«Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» գիրքը կարելի է ձեռք բերել՝
– Երևանում- «Նաիրի» գրախանութում՝ Կորյունի 8 հասցեում:
– Մինսկում- «Կլյաքսա» գրախանութում՝ Ուլյանովսկայա 31, և «Ակադեմկնիգա»-ում՝ Ազատության պողոտա 72 հասցեներում: