Կա բավարար պահանջարկ՝ նավահանգստի կամ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով իր հայտարարած՝ Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու մասին, ասաց, որ պատվիրել են և այժմ իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական ընկերությունը։
«Ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ նավահանգստի կամ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար։ Ըստ պլանի՝ մինչև տարվա վերջ կունենանք վերջնական զեկույցը, և ըստ պլանի՝ հանրային ներդրումային կոմիտեն ևս մեկ անգամ պետք է որոշում կայացնի այդ ծրագրի շարունակելու և համապատասխան ներդրումներ անելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի վերջ կունենանք Հանրային ներդրումային կոմիտե, որտեղ կքննարկենք Գյումրիի չոր նավահանգստի ծրագիրը։ Մեծ է հավանականությունը, որ դրական պատասխան կստանանք այդ ծրագիրն իրականացնելու համար»,- նշեց նա։
Ըստ Քերոբյանի՝ ծրագիրը հավանաբար կլինի պետություն-մասնավոր ընկերություն համագործակցության շրջանակներում, պետք է փորձեն տարբեր երկրներից ներգրավվել առաջնակարգ օպերատոր, որը կկարողանա բարձր մակարդակի կառավարում իրականացնել։
«Կարծում եմ՝ 2024 թվականին մենք կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով, և կարծում եմ՝ նույնիսկ կարող ենք հուսալ, որ որոշակի շինաշխատանքներ կիրականացնենք։ Տարբեր երկրներում եմ ներկայացրել այս ծրագիրը և կարող եմ ասել, որ սա բավականին լավ է ընկալվում, և այսօր մենք ունենք հետաքրքրություններ թե՛ Ծոցի երկրներից, թե՛ Հարավարևելյան Ասիայից»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ Հայաստանից ՌԴ արտահանման հետ կապված խոչընդոտներ կան, Վահան Քերոբյանն ասաց, որ խոչընդոտներ չի տեսնում, և այժմ տարբեր ուղղություններով առևտրային գործարքներն իրականանում են։
«Վերին Լարսում մի քանի օրվա խնդիր էր առաջացել, հիմա արդեն չկա։ Օրինակ, որոշակի ընկերություններ լաստանավային ուղղություններով էին արտահանում, այնտեղ խնդիր չի եղել, կարելի է ասել՝ մասնավոր դեպք է եղել։ Մեզ համար շատ կարևոր է ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները, մենք այն զարգացնում ենք, նաև էական ջանքեր ու ռեսուրսներ ենք ծախսում, նաև ժամանակ, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղությամբ»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։