«Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, ժամանակ չի ունենում». Արմեն Խաչատրյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահ է՝ Ադրբեջանը տարբերակ չունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու, եթե Հայաստանը ճանաչել է նրա տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ պետք է ճանաչի Հայաստանինը։
«Ադրբեջանը չի կարող ասել, որ Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում ունի բանակցային գործընթացում։ Որևէ պատճառ չկա, որ նա պատճառաբանություններ բերի և չճանաչի։ Կարծում եմ՝ ճանաչելու է, իհարկե ճանաչելու է։
Սկզբունքները մեկ անգամ համաձայնեցվել են, Ադրբեջանի կողմից եղել է այն դիրքորոշումը, որ համաձայն է, բայց բանակցային այլ գործընթացներում, որ դրանք արդեն պետք է հաստատվեն համապատասխան ստորագրություններով և երաշխավորների միջոցով, դա տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում, օրերի, շաբաթների հարց է։ Մենք գիտենք, որ ամսվա վերջին պետք է տեղի ունենար հանդիպում, ինչը հետաձգվեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։
Ըստ իշխանական պատգամավորի, այն, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 6-ին և հոկտեմբերի վերջին չի ցանկացել հանդիպում ունենալ Հայաստանի ղեկավարի հետ, դա նշանակում է, որ այս պահի դրությամբ Ալիևը չի ցանկանում որևէ բան ստորագրել։ Բայց այնպես չէ, որ աշխարհում բոլոր աշխարհաքաղաքական գործընթացներն Ալիևն է կառավարում, իհարկե, կգա ժամանակը, և իր կարծիքով՝ այդ բանակցությունները տեղի կունենան՝ խաղաղությունը երկընտրանք չունի։
Լրագրողներն իշխանական պատգամավորից հետաքրքրվեցին՝ ՔՊ-ի, ՀՀ իշխանության համար Արցախի իշխանություն գոյություն ունի՞, ինչին ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանն ասաց.
«Ո՞ւր է Արցախի իշխանությունն ընդհանրապես, ո՞ւր է Արցախը։ Արցախի իշխանությունը կարող է լինել միայն Արցախում։ Մեկ այլ երկրում չի կարող գործել այլ երկրի իշխանություն, այդ վտարանդի իշխանություն, կառավարություն, նման բան չի եղել, նման բան եղել է միայն նախորդ դարում։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը միջազգային փաստ է, իրավական փաստ է, միջազգային ընդունված սահմանները մնում են։ Բայց դա չի նշանակում, որ դրանով պետք է ոտնահարվեր Արցախի մեր ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր արցախցիների վերադարձի իրավունքը պահպանվի, դրա հետ կապված միջազգային ատյաններում գործընթաց է լինելու, դատական ատյաններում այդ մարդկանց իրավունքները պետք է ապահովել»,- շեշտեց Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, պատգամավորը նախ պատասխանեց, որ չի կարող ասել, հետո ավելացրեց.
«Նիկոլ Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, ժամանակ չի ունենում, չի ընդունում, երբեմն ես էլ եմ ուզում, ինձ էլ չի ընդունում»,- եզրափակեց նա։
Հ.Գ. Այս լուսանկարն արվել է հոկտեմբերի 28-ին։ Փաշինյանը, ով, ըստ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի, ժամանակ չունի ընդունելու Արցախի նախագահին, այցելել է Կապանի մանկապարտեզ։ Նույն օրը «խիստ զբաղված» Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև դպրոց՝ PR-ի նպատակներով։ Ահա թե ինչով է զբաղված «խիստ զբաղված» Նիկոլ Փաշինյանը։