Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է
Այս պահի դրությամբ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։ Տեղական լրատվամիջոցներին հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։
«Ադրբեջանի` խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկն ուժի մեջ է նաև այսօր։ Ուստի հաջորդ քայլը պետք է անի առաջին հերթին Հայաստանը։ Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»,- հավելել է նա։
Նրա գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք նա անվանել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնում», խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը հեշտացել է, իսկ հավանականությունը` մեծացել:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։