Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է. Լավրով
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։
«Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Երկու կողմն էլ համաձայնել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա էր հիմնական չլուծված խնդիրը»,- ասել է նախարարը. «Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու համար, որոնց բոլորի մասին պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներում»։
Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։
«Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել (դրանք շարունակվում են) սահմանազատման գործընթաց ներթափանցելու [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի], առաջին հերթին՝ Եվրոպական միությունից և որոշ չափով նաև ԱՄՆ-ից»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։