Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի կառավարչի տեղակալին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։
Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Երկուստեք կարևորվել է առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ երկարաժամկետ աջակցության արդյունավետ գործիքակազմի ներդրումը, մասնավորապես՝ զբաղվածության հասցեական ծրագրերի միջոցով։
Այս համատեքստում ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ակտիվ փոխգործակցության ապահովման կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էրին Մակքին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքներին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցության օրակարգային այլ հարցերի։