ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կհամակարգեն Գազայի հատված օգնություն հասցնելու գործողությունները
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան պարտավորվել են համակարգել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալումը կանխելու ջանքերը։
Այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 22-ին տարածել է Սպիտակ տունն այդ երկրների ղեկավարների հեռախոսային բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Ղեկավարները ողջունել են Գազայի հատված կարիքավոր պաղեստինցիների համար մարդասիրական առաջին շարասյուների ժամանման մասին հայտարարությունը և խոստացել են շարունակել գործողությունների համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու համար պարենի, ջրի, բժշկական սպասարկման և այլ օգնության շարունակական և անվտանգ հասանելիությունը: Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու համար հակամարտության ծավալումը, ինչպես նաև պահպանելու կայունությունը Մերձավոր Արևելքում և քաղաքական կարգավորման և կայուն խաղաղության հասնելու աշխատանքը», – նշված է փաստաթղթում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի վարչապետներ Ռիշի Սունակը, Ջորջիա Մելոնին, Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և նրա պաշտպանվելու իրավունքին, ինչպես նաև կոչ են արել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը: