Արդյո՞ք Ադրբեջանին պետք է պատերազմ Զանգեզուրի միջանցքի համար. Սերգեյ Մելքոնյան
Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արդյո՞ք Ադրբեջանին պետք է պատերազմ Զանգեզուրի միջանցքի համար։
Որպես ընդդիմախոս հանդես կգամ մի բանավեճում, որտեղ գերիշխող դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանին, այնուամենայնիվ, պատերազմ պետք չէ։
Նախ, համաձայն եմ, որ Ալիևը գտնվում է հաջողության գագաթնակետին։ Նման բան ասում էին նաև 2020 թվականին։ Այժմ նա «ռեկորդ է սահմանել», և հիմնական տրամաբանությունը հետևյալն է. ինչու կանգ առնել, եթե ամեն ինչ ստացվում է:
Երկրորդ փաստարկն այն մասին, որ «սրանք արդեն Հայաստանի սահմաններն են», ավելի տեղին չէ 2022 թվականի սեպտեմբերից հետո։ Այն ժամանակ ադրբեջանական բանակը հարձակման գնաց և գրավեց Հայաստանի շուրջ 220 քառ. կմ տարածք, որը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Կարմիր գիծն այս իմաստով արդեն հատված է։
Երրորդ՝ Ռուսաստանի միջամտության մասին։
2020թ. – խոցվել է ռուսական ուղղաթիռ Հայաստանի տարածքում
2022թ. – Հայաստանի վրա հարձակման ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Հայաստանում ռուսական ուժերի դիրքերին, որոնք լքել են իրենց դիրքը
2023թ. – ադրբեջանական ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ընթացքում սպանել է ավելի քան 5 ռուս զինվորական:
Ուստի մենք չունենք ինդիկատորներ, որոնք կխոսեն Ռուսաստանի քաղաքական կամքի և միջամտելու ռազմական հնարավորությունների մասին։
Չորրորդ, Իրանի միջամտությունը նույնպես սահմանափակ է, առաջին հերթին, աշխարհագրորեն. «Զանգեզուրի միջանցքն» ունի 3 երթուղի և միայն մեկն է անցնում հայ-իրանական սահմանի երկայնքով, ինչը հնարավորություն է տալիս Թեհրանին միջամտել։ Մնացած պոտենցիալ երթուղիներին Իրանի համար դժվար կլինի օպերատիվ «հասնել»։
Հինգերորդ՝ ուժով «միջանցքի» բացումը չի հանգեցնի տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ Ադրբեջանին բավական կլինի օպերատիվ վերահսկողություն հաստատել հաղորդակցությունների նկատմամբ և հետո պարտադրել Հայաստանին կատարել խոստումները։ Դրանում գլխավոր բաղադրիչը օպերատիվությունն է։ Եթե Ադրբեջանը ձախողվի, ապա այլ խաղացողների միջամտություն կառաջանա։ Հակառակ դեպքում կյանքի կկոչվի «Արցախյան» սցենարը։
Համաձայն եմ, որ Ադրբեջանի դաշնակիցների, առաջին հերթին Իսրայելի ցածր ներգրավվածությունը նվազեցնում է նրա օպերատիվ հնարավորությունները, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տնտեսական ճգնաժամը նրան հետ էր պահում Իրանի, Սիրիայի տարածքում «գործողություններ» իրականացնելուց և Ադրբեջանին կանոնավոր աջակցություն ցուցաբերելուց։
Սակայն, այնուամենայնիվ, հարվածի առավել համապատասխան ուղղություն են Տավուշի և Արարատի մարզերը, որտեղ տեղակայված են «անկլավները», որոնց հավակնում է Ադրբեջանը։ Ներխուժման համար կարևոր հիմք է արդեն ոչ միայն Նիկոլի խոստումը, այլև Գրանադայի ստորագրությունը, որը ճանաչում է ադրբեջանական ինքնիշխանությունը տվյալ տարածքի նկատմամբ»։