Բաժիններ՝

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։

SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։

Egypt Today պարբերականն իր հերթին հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ Գազայում ալ-Ահլի հիվանդանոցի հարձակման անմեղ զոհերի, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդի բոլոր զոհերի հիշատակին։

«Համերաշխության այս ժեստը վերահաստատում է Եգիպտոսի հանձնառությունը Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը և անմեղ կյանքերի պաշտպանությանը», – նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին սուգ էր հայտարարել նաև Իրանը։

Իսրայելը պնդում է, թե Գազայի հիվանդանոցին հարվածել է պաղեստինյան հրթիռ, որն արձակել է «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը ալ-Ահլի հիվանդանոցի մերձակա գերեզմանոցից։

«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությունը, որը ՀԱՄԱՍ շարժման հետ միասին մասնակցել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, հերքել է, որ հիվանդանոցում պայթյունի պատճառ է դարձել հրթիռի ձախողված արձակումը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 3300-ի։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս