ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շահագրգռված է, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում առավել շատ երեւա: «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների սիրողական մրցաշարից ավելի լավ հնարավորություն չէր էլ կարող լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ ԶՊՄԿ-ի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար, որին մասնակցելու է 8 երկրի 80 լրագրող: Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ մրցաշարի օրերին Կապանում սպասվում է մեծ ֆուտբոլային տոն:
«Մեր գործընկերների կողմից առաջարկ ստացանք լրագրողների հերթական մրցաշարը կազմակերպել, բայց այս անգամ ոչ թե Երեւանում, այլ Հայաստանի մարզերից մեկում: Մեր կողմից գաղափար առաջացավ մրցաշարն անցկացնել Սյունիքում: Շատ ուրախ եմ ասել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անմիջապես մեր առաջարկն ընդունեց եւ ասաց, որ պատրաստ է աջակցել մրցաշարն անցկացնելուն մեկ պայմանով, որ այն տեղի կունենա Կապանում:
Մրցաշարին մասնակցելու է 8 թիմ, այդ թվում՝ Գերմանիայի, Ռումինիայի, Լիտվայի, Եգիպտոսի, Մոլդովայի, Վրաստանի, նաեւ Հայաստանի երկու թիմերը՝ Երեւանի եւ Կապանի թիմերը: Մրցաշարն անցկացվելու է Կապանի քաղաքային ստադիոնում: Ակնկալվում է մեծ ֆուտբոլային տոն: Նախադեպը չունեցող միջոցառում է լինելու, որում ընդգրկված են լինելու 80 լրագրողներ միջազգային լրատվամիջոցներից եւ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ներից: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը ջանք չի խնայել, որ քաղաքի համար եւս տոն դառնա այդ օրը: Մենք ունենք գործընկերների մեծ ցանկ: Բոլորը ձգտում են անել ամեն ինչ, որպեսզի մրցաշարը փայլուն անցնի: Ունենալու են այցելություններ Տաթեւի վանք, Կապանում կունենանք արտադրական տուրեր: Լավ ծրագիր ենք մշակել: Թիմերի մի խումբն արդեն Երեւանում է, մյուս մասը կժամանի վաղը: Սկզբում կայցելենք Եղեգնաձոր, հետո Տաթեւ, որից հետո կհանգրվանենք Կապանում: Կայցելենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Բուն մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ին եւ կմեկնարկի առավոտյան 11:00-ից:
Բոլոր թիմերը խաղալու են միմյանց դեմ: Յուրաքանչյուր թիմ անցկացնելու է 7-ական խաղ․ տեւելու են 20-ական րոպե՝ 10 րոպե ընդմիջումով: Չորրորդ խաղից հետո լինելու է ընդմիջում, որի ընթացքում խաղարկվելու են արժեքավոր նվերներ, ապա մրցաշարը կշարունակվի: Երեկոյան պաշտոնյաների մասնակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության մասնակցությամբ կլինի մրցանակաբաշխություն:
Թիմերը կազմված են միայն լրագրողներից: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չկան: Կան սպորտային լրագրողներ, բլոգերներ, ինֆլյուենսերներ:
Բոլորը հասկանում են, որ հաղթելու համար չեն եկել, այլ ավելի շատ շփվելու, երկիրը ճանաչելու: Մեր գերագույն նպատակն է միջազգային լրատվամիջոցների շնորհիվ ցուցադրել Սյունիքը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, այնպես անել, որ իրենք ցանկանան նորից գալ Հայաստան: Բնականաբար Սյունիքի ընտրությունը պատահական չէր՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով: Սա նաեւ մեր փոքրիկ աջակցությունն է սյունեցիներին: Մենք ուզում են մի փոքր տոն բերել իրենց տներ, որպեսզի իրենց մտահոգությունները մեկ օր հետին պլան մղվեն: Ուզում ենք ցույց տալ, որ Սյունիք այցելելը բացարձակ վտանգավոր չէ»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:
Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի խոսքով Սյունիքի ընտրությունը աշխարհաքաղաքական նշանակություն ունի:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աջակցում է այս նախաձեռնությանը այն պատճառով, որ Սյունիքն այս պահին ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող մարզն է, եւ սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու, որ Սյունիք այցելելն անվտանգ է, այնտեղ կյանքը շարունակվում է: Շատ բնական էր մեր աջակցության պատճառը: Մեր ընկերությունը մարզում սոցիալական մեծ ծրագրեր է իրականացնում, նաեւ առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերում սպորտին:
Միայն նախորդ տարի 500 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերել տարբեր մարզաձեւերի: Ֆուտբոլին առանձնահատուկ վերաբերմունք ունենք: «Սյունիք» ֆուտբոլային ակումբը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Մեր ընկերության կողմից ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվում է: Ընդամենը երկու տարի գործելով՝ ակումբն այս պահին Առաջին խմբում առաջատարն է: Հույս ունենք, որ կդառնան չեմպիոն: Այսքանով բնական է մեր աջակցությունը լրագրողների սիրողական մրցաշարին:
Մենք շահագրգռված ենք, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում մաքսիմում շատ երեւա: Սրանից լավ հնարավորություն առաջիկայում չէր էլ լինելու: Սա նաեւ պետական քաղաքականության մաս է, որը մենք՝ Պղնձամոլիբդենային կոմբինատը կիսում է: Մարզերի զարգացման, տուրիստական ներուժի առումով այս մրցաշարը հրաշալի նախաձեռնություն է:
Լրագրողները կունենան նաեւ այցելություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ կտեսնեն, թե Հայաստանի խոշորագույն հարկատուն ինչիպիսի բարձր տեխնոլոգիական միջոցներով եւ դժվարությամբ է հանքարդյունաբերությունը տեղի ունենում Սյունիքում:
Այս միջոցառումը Սյունիքի եւ սյունեցիների համար է եւ իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա մարզի վրա: Ցանկանում եմ բոլորին հրավիրել Սյունիք, Կապան: Երկրպագուներին կոչ եմ անում անպայման գալ խաղին, քանի որ իսկապես տոն է լինելու: Նաեւ խաղարկություններ են լինելու՝ պրոֆեսիոնալ գնդակ, «Սյունիք» ակումբի մարզահագուստ, հեծանիվ, սմարթֆոն եւ այլն: Այս ամենն արված է, որպեսզի ստադիոն գալը դառնա նաեւ մոտիվացնող: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է, որ հետաքրքիր է լինելու»,- նշեց Արայիկ Մարգարյանը: