
Ռուսները շտապել են բնակարան գնել Թուրքիայում և առաջ են անցել բոլոր օտարերկրացիներից

2023 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ ռուսները բնակարաններ են գնել Թուրքիայում և անշարժ գույքի գործարքների քանակով ռուս գնորդներն առաջ են անցել բոլոր օտարերկրացիներից: Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ տվյալները ներկայացրել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։
Նշվում է, որ միայն աշնան առաջին ամսում ոչ ռեզիդենտները Թուրքիայում 2900 գործարք են կնքել։ Գնորդների ամենամեծ մասնաբաժինը եղել է Ռուսաստանից՝ 30 տոկոս։ Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Իրանի (բոլոր գործարքների 11 տոկոսը), Իրաքի (6,5 տոկոս), Ուկրաինայի (4 տոկոս) և Չինաստանի (2,4 տոկոս) բնակիչները:
Անթալիան ամենահայտնի քաղաքն է բնակարաններ գնորդների շրջանում. այնտեղ վաճառվել է ավելի քան 1000 տուն: Հետաքրքրություն ներկայացնող քաղաքների թվում «Թուրքստատը» նշել է նաև Ստամբուլը (978 գործարք) և Մերսինը (211 գործարք):
Ինստիտուտը նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերին Թուրքիայում անշարժ գույքի վաճառքը 2022 թվականի սեպտեմբերի համեմատ նվազել է 9,5 տոկոսով՝ մինչև 102,7 հազար գործարք։ Անշարժ գույքի առքուվաճառքը հանրապետությունում այս տարվա երեք եռամսյակում նույնպես նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 14,9 տոկոս (900 հազար գործարք)։