Հալեպի օդանավակայանը թիրախավորելով` Իսրայելը փորձում է կոծկել այլ ճակատներում կրած պարտություններն ու պատերազմական նոր ճակատներ ստեղծել. սիրիահայ լրագրող

Իսրայելական զինված ուժերը, հոկտեմբերի 14-ին, հերթական հարվածն են հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանի ուղղությամբ: Սիրիայում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ընդամենը 48 ժամվա ընթացքում դա, օդանավակայանին ուղղված, արդեն երկրորդ հարվածն էր:

Ավելի վաղ, հոկտեմբերի 12-ին, Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Հալեպի ու Դամասկոսի օդանավակայանների ուղղությամբ: Թռիչքուղին շարքից դուրս էր եկել: Հալեպի օդանավակայանում, վերջին ժամերին հնարավոր է եղել վերականգնել աշխատանքները: Դամասկոսի օդանավակայանը, սակայն, շարքից դուրս է եկել, աշխատանքները լիովին խափանված են:

Հրթիռային հարվածների հետևանքով, ավելի վաղ հաղորդվել էր 5 վիրավորների մասին:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև շարունակվող պատերազմի հետևանքով, իսրայելական կողմն ունի 1400 զոհ, 3500-ից ավելի վիրավոր, իսկ 120 քաղաքացու պաղեստինյան կողմը պատանդ է պահում:

Իսկ պաղեստինյան կողմը պատերազմի ընթացքում տվել է 2300 զոհ, ունեն մոտ 9000 վիրավոր:

Սիրիայի հայազգի բնակիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը, 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ իսրայելական կողմը Սիրիայի ուղղությամբ կրակելով՝ նպատակ ունի պատերազմում այլ ուժերի ևս ներգրավելու: Նրա խոսքով՝ իսրայելական կողմից օդանավակայանը թիրախավորելու գործողությունները նոր չեն, սակայն նաև աննախադեպ էր այսպիսի հաճախակիությամբ հրթիռների արձակումը՝ միևնույն ուղղությամբ:

«Հիմնականորեն, իրենք փորձում են թիրախավորել օդանավակայանի թռիչքուղին, որպեսզի ամեն կերպ խոչընդոտեն ինքնաթիռների մեկնումն ու վայրէջքը: Այս հարվածը հասցվել է՝ իբր որպես «վրեժխնդրություն»՝ «Սիրիայից դեպի Իսրայել հասած հրթիռների համար: Անշուշտ, մինչև հիմա էլ ես չեմ հիշում մի դեպք, որ սիրիական բանակը որևէ հրթիռ ուղարկած լինի Իսրայելի դեմ»,- ասաց սիրիացի մեր հայրենակիցը՝ հավելելով, որ այսպիսի գործողություններով Իսրայելը փորձում է քողարկել մյուս ճակատում կրած պարտությունները:

Օդանավակայանը, այդուհանդերձ, մեր զրուցակցի վստահեցմամբ, տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ից նորից գործում է: Ինչ վերաբերում է 5 վիրավորներին՝ Հովիկ Շեհիրյանը համոզմունք հայտնեց, որ դա գրանցվել է առաջին թիրախավորման ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին: Այսօրվա դրությամբ նոր վիրավորներ չկան: Սիրիայում բնակվող ու գործունեություն ծավալող հայազգի լրագրողը հայտնեց նաև՝ չնայած օդանավակայանը բավականին մոտ է մեր հայրենակիցների բնակավայրերին, վիրավորներ ու զոհեր, բարեբախտաբար, չկան:

«Իսրայելի կողմից իրականացվող այս հարվածները սարսում են ամբողջ Հալեպը: Մենք միայն ձայներ ենք լսում, հրթիռներն ու պայթյունների հետևանքները դեռևս չենք տեսնում, բայց մարդիկ այստեղ ևս սարսափի մեջ են ապրում: Եթե այսօր օդանավակայանի աշխատանքները չվերականգնվեին, ապա շատ ավելի բարդ էր լինելու այստեղի բնակիչների վիճակը: Տեղյակ եք, որ Լիբանան մուտք գործելու հնարավորություն նույնպես չունենք՝ այնտեղի օդանավակայանից օգտվելու համար: Հիմա այսօր Հալեպ-Երևան չվերթով մի շարք մեր հայրենակիցներ դեռևս կարողանում են մեկնել»,- ասաց մեր հայրենակիցը՝ հավելելով, որ տվյալ պահի դրությամբ, օդանավակայանում կուտակումներ առկա չեն, տարհանում, որպես այդպիսին, չի իրականացվում:

Սիրիայում բնակվող ու գործող լրագրող Հովիկ Շեհիրյանի խոսքով՝ միայն անցնող տարվա ընթացքում այդ երկիրը շուրջ 20 անգամ թիրախավորված հարված է հասցրել Հալեպի ուղղությամբ: Իսկ մինչև վերջին դեպքերը՝ Իսրայելը նախկինում ևս մի քանի անգամ փորձ է արել հարվածելու Հալեպի օդանավակայանի ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե այնտեղ իրանական զինվորականներ են պատսպարվում: Այսօրվա ընթացքում, այդուհանդերձ, նոր կրակոցներ, մեր զրուցակցի փոխանցմամբ, չեն գրանցվել Հալեպում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս