
«Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն համարում». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պա՞րզ է, չէ՞, որ Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի» 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը:
Հիմա էլ ցինիկ դիտավորությամբ հրապարակել են անօգնական վիճակում գտնվող մարդու տառապանքի կադրեր այդ հոգեվիճակը, հուսահատությունը նրա ընտանիքում, հայ հասարակության մեջ տարածելու համար: Ակնհայտ է, թե ինչ պայմաններում է Վագիֆ Խաչատրյանը գտնվում այս 4 ամիսների ընթացքում հեռու ընտանիքից, հայրենիքից, վախի մթնոլորտում, ադրբեջանական գերության մեջ դատապարտված տառապանքների:
Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն համարում:
Պետք էր ամեն ինչ անել, որ Վագիֆ Խաչատրյանն ու մեր մյուս հայրենակիցները չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, չլինեն այսպիսի նվաստացած վիճակում, որ Ադրբեջանն էլ դրանից հրճվանք ապրեր: Հայաստանի քաղաքացին, հայը պետք է զգա Հայաստանի պետության պաշտպանությունը:
Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ:
Նրանց հանցավոր արարքները շարունակվելու են, քանի որ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացակայությունը»։