ՆԱՏՕ-ն վճռական պատասխան կտա, եթե պարզվի, որ Ֆինլանդիան և Էստոնիան կապող գազամուղը և հեռահաղորդակցության մալուխը միտումնավոր են վնասվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կքննարկի Ֆինլանդիան և Էստոնիան Բալթիկ ծովի տակով միմյանց կապող գազամուղին հասցված վնասը, և եթե ապացուցվի, որ գազամուղը վնասվել է կանխամտածված հարձակման հետևանքով, ապա վճռական պատասխան կտրվի։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Balticconnector գազամուղի և հեռահաղորդակցության մալուխի վնասման փաստը հաստատվել էր հոկտեմբերի 10-ին, երբ օպերատոր ընկերություններից մեկը նկատել էր ճնշման նվազում և հնարավոր արտահոսք։
Հելսինկին հայտարարել է, որ վնասն, ամենայն հավանականությամբ, պատճառվել է «արտաքին ազդեցության» հետևանքով, տեղի ունեցածի պատճառները ճշտվում են։
«Հիմա կարևոր է հասկանալ, թե ինչ է պատահել, և ինչպես դա կարող էր պատահել։ Եթե ապացուցվի, որ դա միտումնավոր հարձակում է եղել ՆԱՏՕ-ի կարևոր ենթակառուցվածքի վրա, ապա դա, անշուշտ, լուրջ կլինի, սակայն նաև կարժանանա ՆԱՏՕ-ի կողմից միացյալ և վճռական պատասխանի», – ասել է Ստոլտենբերգը։