
«Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի Բիշքեկի հանդիպման հնարավորությունից». Ալիև

Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վաղը ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, և իրենք Ռուսաստանի միջնորդությունը երախտագիտությամբ են ընդունում, քանի որ նա թե Ադրբեջանի, թե Հայաստանի դաշնակիցն է ու ներկա է տարածաշրջանում՝ «ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների»։
«Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։
Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարևոր գործեր ունի։
Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»։