Ստոլտենբերգը հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարարի մասնակցությունը դաշինքի նախարարական հանդիպմանը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հոկտեմբերի 12-ին տեսակապով ՆԱՏՕ-ին կտեղեկացնի երկրում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Բրյուսելում ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրի կարծիքով՝ Իսրայելը մարտական գործողությունների այս փուլում կարիք չունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների անհետաձգելի ռազմական օգնության, քանի որ ունի «բավարար ռազմական հնարավորություններ», բայց «հակամարտության ձգձգման կամ դրա աշխարհագրության ընդլայնման դեպքում նման օգնության կարիք կունենա»։ Աղբյուրի խոսքով, եթե նման աջակցություն անհրաժեշտ լինի, այն, հավանաբար, «կտրամադրվի ոչ թե դաշինքի, այլ ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրների մակարդակով՝ ակնհայտ պատճառներով»։
«Ակնհայտ պատճառներ» ասելով հասկացվում է, մասնավորապես, այն, որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, որտեղ շարունակվում են զանգվածային ակցիաներն ի պաշտպանություն պաղեստինցիների։ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների մեծ մասում արաբական մեծ սփյուռքի առկայությունը նույնպես բարդացնում է նրանց կողմից ուղղակի ռազմական օգնության տրամադրումն Իսրայելին: