ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորներ և մարդկային մնացորդներ
ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության մասնագետները հայտնաբերել են Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտան» բատիսկաֆի մնացած բեկորները և, ենթադրաբար, մարդկային մնացորդներ։
«ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության Պատահարների հետաքննության ծովային հանձնաժողովի անվտանգության հարցերի ինժեներները հայտնաբերել և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի հատակից տեղափոխել են «Տիտան»-ի մնացած բեկորներն ու փաստանշանները», – ասված է հաղորդագրության մեջ:
Առափնյա պահպանության ծառայությունը նշել է, որ փորձագետները փաստանշաններն ուղարկել են նավահանգիստ «կատալոգավորման և անալիզի համար»:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ բատիսկաֆի բեկորներից զգուշությամբ վերցվել են ենթադրյալ մարդկային մնացորդները: Դրանք ուղարկվել են բժիշկներին՝ անալիզի համար:
«Տիտան» բատիսկաֆը վթարվել էր հունիսի 18-ին, երբ սուզվել էր 1912 թ․-ին խորտակված «Տիտանիկ» նավի բեկորների մոտ։ Բատիսկաֆում գտնվող 5 անձինք զոհվել էին։ Վթարի ամենահավանական պատճառը ջրի ճնշման տակ բատիսկաֆի պայթումն է եղել։
Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը: