ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը ժամանել է Միջերկրական ծովի արևելյան մաս՝ զսպելու իրավիճակի էսկալացումը
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ռ․ Ֆորդ» Gerald Ford ավիակիրը ժամանել է Միջերկրական ծովի արևելյան մաս։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տարածած հաղորդագրությունը։
«Gerald Ford ավիակիրային հարվածային խումբը ժամանել է Միջերկրական ծովի արևելյան մաս, որպեսզի զսպի ցանկացած դերակատարի, որը կփորձի էսկալացնել իրադրությունը կամ ընդլայնել այս պատերազմը», – ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել ԱՄՆ դիրքերի ամրապնդման ուղղությամբ, ինչը ներառում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15, F-16, A-10 կործանիչների արագ տեղափոխումը՝ տարածաշրջանում գտնվող կործանիչների էսկադրիլիաների կազմն ընդլայնելու համար։
«Այս բարձրարդյունավետ ուժերի ժամանումը տարածաշրջան զսպման հզոր նախազգուշացում է, եթե Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված որևիցե դերակատար փորձի օգտվել ստեղծված իրավիճակից», – հայտարարել է CENTCOM-ի հրամանատար գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլան: