«Իմանալով Փաշինյանի քաղաքականությունն ու հակառակորդին՝ իր ողնուծուծով, գիտեի, որ այսպես պետք է լինի». Կամո Աղաջանյան
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, հազարավոր արցախահայերի նման, Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանն էլ ընտանիքի հետ բռնի տեղահանվեց սեփական հայրենիքից։ Բռնի տեղահանվելու և գաղթի դաժան ճանապարհի մասին նա առայժմ չի ցանկանում խոսել, ասում է՝ այդ ամենը պատմելու ժամանակը դեռ կգա։
2020 թվականից հետո, երբ Արցախի, այդ թվում՝ Բերդաշենի մշակովի այգիների մի հատվածն անցել էր Ադրբեջանի հսկողության տակ, Կամո Աղաջանյանը, որ տեսնելով հայրենիքի մի մասի օկուպացումը՝ առողջական լուրջ խնդիր ունեցավ, ենթարկվեց սրտի բաց վիրահատության, սեպտեմբերի 19-ի թշնամու սկսած ռազմական գործուղություններից հետո կրկին պետք է վիրահատվի։
168.am-ի հետ զրույցում Կամո Աղաջանյանը հիշեցրեց՝ 2020 թվականի պատերազմից հետո մշտապես ասում էր, որ ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը Արցախը տանելու է կործանման։
«Իմանալով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու հակառակորդին՝ իր ողնուծուծով, գիտեի, որ այսպես պետք է լինի։ Մի ժողովրդական առած կա՝ ասում է, որ գայլի ատամներն արյունոտվում է, մինչև ամբողջ հոտին չի հոշոտում, չի հանգստանում, հիմա թշնամին այդ գայլի վիճակում է։
Ես ասում էի, որ Նիկոլը շուտով Ալիևի մեջքը պիտի քիսա անի Սևանում, բայց այսօր տեսնում եմ, որ Փաշինյանը չի անելու, հայ ազգն է անելու՝ իր ոտքի չկանգնելու համար։ Հիմա ստացվում է, որ մենք արժանի ենք այս ամենին։ Իմ ասածները բոլորին է հայտնի, բայց այս իշխանությունները մեր ազգի ուղեղն այնպես են հանել, որ ազգը միայն մտածում է փողի մասին»,- նշեց Կամո Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ մտածելով միայն փողի մասին, այդպես էլ չեն հասկանում, որ փողը միշտ էլ կարող են ունենալ, իսկ հայրենիք՝ ոչ։ Օրինակ, Արցախում մարդիկ թողեցին տներ, որոնք տարիներով սարքել էին, խանութներ, բիզնես, բայց այդ ամենը չի կարևոր, կարևորն Արցախն է, որն ամբողջովին օկուպացվեց թշնամու կողմից։
«Վախենամ՝ նույնը կատարվի նաև Հայաստանում։
Ինքս մշտապես ձգձգում էի իմ գյուղից դուրս գալը, բայց սեպտեմբերի 28-ին այլևս չէի կարող մնալ, որովհետև կա՛մ պետք է մնայի ու կոտորվեի ադրբեջանական զինվորների ձեռքով, կա՛մ բռնի տեղահանվեի։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 16։10-ին վերջին հրաժեշտն եմ տվել իմ հայրական տանը, որտեղ ծնվել ու ապրել եմ»,- խոսքը եզրափակեց Կամո Աղաջանյանը՝ խոստանալով, որ սրտի վիրահատությունից հետո ավելի մանրամասն կխոսի՝ կներկայացնի այն ամբողջ դժոխքը, որը տեսել է սեպտեմբերի 19-ին և դրանից հետո։