Հայ-ադրբեջանական բանակցային եվրոպական հարթակի հանդիպումից հրաժարվելու ֆոնին պատահական չէ, որ ադրբեջանական կողմը խոսում է ռեգիոնալ վեցակողմ համագործակցության մասին․ վերլուծաբան
Իսպանական Գրանադայում հնգակողմ բանակցությունները չեղարկելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշել է ռեգիոնալ «3+3» համագործակցության ձևաչափի մասին։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդատ Բեզրփաշի հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է, որ դրա նախաձեռնողը հենց Ադրբեջանն է՝ կարևորելով այս ձևաչափով հանդիպումների շուտափույթ անցկացումը։
«Կարևոր է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ»,- ասել է Ալիևը։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի նախաձեռնած, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին մասնակցելու նպատակով հրավիրվել էր նաև Վրաստանը, սակայն մերժել։
Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել առաջին նիստը՝ «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել նիստին՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Երեկ Բեզրփաշը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ Զանգելանում էր։ Մուստաֆաևը նրան է ներկայացրել «Զանգելանում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքները և Արևելյան Զանգեզուրի տարածքում ստեղծված տրանսպորտային նոր ենթակառուցվածքները»։
Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել նաև Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։
Ալիևն իրանցի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Իրանն ու Ադրբեջանն իրար կապող, ինչպես նաև տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհների և երկաթգծերի կառուցումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանն ու համագործակցությանը։ Նա նաև նշել էր Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և կարողությունների հետագա ընդլայնման ոլորտում իրականացվող աշխատանքների կարևորությունը։
Միհրդատ Բեզրփաշն իր հերթին ասել էր՝ Հարավային Կովկասում խաղաղությունը մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի համար։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ թեև Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն սեպտեմբերի 23-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար: «Մեր կառավարության հիմնարար սկզբունքն է՝ խուսափել պատերազմից և պահպանել խաղաղություն։ Չնայած մեր աշխարհագրական դիրքի առաջացրած դժվարություններին՝ մեզ հաջողվել է ոչ միայն աջակցել Ուկրաինային և միջազգային հանրությանը մեր հավասարակշռված քաղաքականությամբ և մեր գործընկերների հետ սերտ համակարգմամբ, այլև պահպանել մեր ժողովրդի անվտանգությունը։
Մեր կառավարության կողմից առաջ է քաշվել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևանների և բարեկամների հետ, որպեսզի վերջապես մշտական խաղաղություն բերենք Հարավային Կովկաս»,- ասել Էր Ղարիբաշվիլին։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տարածաշրջանը լրջագույն տրանսֆորմացիաների փուլում է, և դա Ադրբեջանի վարչակազմը շատ լավ է հասկանում՝ փորձելով օգտվել անկայուն փուլից, արտատարածաշրջանային ուժերի անկայուն դիրքավորումներից։ Հենց դա է պատճառը, վերլուծաբանի խոսքով, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը անընդհատ միջնորդ ու բանակցային օրակարգ են փոխում։ «Կարծես հիմա էլ նմանատիպ փուլ է, ԵՄ հովանու ներքո շատ հարցեր բանակցվեցին, իրագործվեցին առավելապես Հայաստանի կողմից, իսկ հիմա Ադրբեջանը հրաժարվում է գործընթացի շարունակությունից, ուժի դիմում, քանի որ վստահ է, որ չեն լինելու իր դեմ պատժամիջոցներ, վստահ է, որ պայմանավորվելու է, ինչպես միշտ»,- ասաց վերլուծաբանը։
Նա նշեց, որ այդ տրանսֆորմացիաների ու անընդհատ փոփոխությունների մասին է խոսում նաև այսօր բռնկված պատերազմն Իսրայելի դեմ «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից, որը հայտարարվեց՝ որպես ռազմական գործողություն, սակայն իր մասշտաբներով ամենևին գործողություն չէ, այլ պատերազմ տարբեր խաղացողներով ու շարունակության տարբեր սցենարներով, որը կարող է վերաբերել նաև Հարավային Կովկասին ու այս ռեգիոնի հարևանությանը, Իրանին՝ գլխավորապես, ինչպես նաև Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին։
«Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ սա տեղի է ունենում Ղարաբաղյան օպերացիայից հետո։ Այնուամենայնիվ գործընթացներն ավելի լայն ռեգիոնում փոխկապակցված են, ու ներկայիս զարգացումները կարող են ունենալ իրենց հետևանքները՝ ձեր տարածաշրջանում հատկապես, երբ դեռ կան չլուծված խնդիրներ, ինչպես նաև կա ավելի գլոբալ Իրան-Իսրայել հակամարտություն, և բացառված չեն գործողություններ Իրանի դեմ ինչ որ սցենարների դեպքում, որոնց մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այսօր կարևոր է հետևել իսրայելական թատերաբեմին»,- ասաց վերլուծաբանը։
Նադեին-Ռաևսկին նաև գտնում է, որ եվրոպական հարթակից հրաժարվելու ֆոնին պատահական չէ, որ ադրբեջանական կողմը խոսում է ռեգիոնալ վեցակողմ համագործակցության մասին։
«Ակնհայտ է, որ կա ցանկություն բոլոր խնդիրների կարգավորումը տեղափոխել հենց այս հարթակ՝ թույլ չտալով Արևմուտքին ստանալ ազդեցություն։ Այս հարցում Վրաստանի ու Հայաստանի դիրքորոշումը, սակայն, կարող է ազդեցիկ լինել, քանի որ այս երկու երկրներն էլ ձգտում են դեպի Արևմուտք։ Հենց այդ պատճառով ի սկզբանե Վրաստանը մերժել է այս ձևաչափը ոչ միայն ՌԴ մասնակցության պատճառով, այլև այն պատճառով, թե ինչու է այս ձևաչափը ստեղծվել, որպեսզի բոլոր ռեգիոնալ հարցերն այստեղ էլ ամփոփվեն և դուրս չգան դրա սահմաններից դուրս։ Այս նպատակի շուրջ կարծես արդեն միավորվել են Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։
Վրաստանը արել էր առաջարկ Հայաստանին ու Ադրբեջանին, պատրաստակամություն հայտնել աջակցելու, սակայն Վրաստանը չի կարող լինել միջնորդ, երբ միջնորդի առաքելությունը չեն կարողանում իրականացնել նույնիսկ Շառլ Միշելն ու Օլաֆ Շոլցը։ Սա շատ բարդ հակամարտություն է, որի նկատմամբ հեղինակություն ունեն միայն ամենաուժեղ առաջնորդներն ու երկրները, այս դեպքում՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, որոնք եղել են համանախագահ երկրներ։
Այս փուլում, կարծում եմ, Ալիևը փորձում է հեռանալ Արևմուտքի միջնորդությունից լիովին, Գրանադայի հանդիպումը դրա փոքր փորձն էր, կուլիսային խոսակցությունները չգիտենք, թե ինչ ուղղությամբ են ընթացել, սակայն եթե հետևողականություն և ճնշումներ չլինեն, ԵՄ-ն և Արևմուտքը հակամարտության միջնորդությունից դուրս կգան և բանակցությունները կտեղափոխվեն ռեգիոնալ հարթակ»,- ասաց վերլուծաբանը։