«Սարգիս Գալստյանը որևէ առաջարկ ու պաշտոն Ադրբեջանի կողմից չի ստացել». Դավիթ Գալստյան
Իշխանամերձ շրջանակները լուրեր էին շրջանառում, թե Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում պարետ է նշանակվել Շուշիի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանը, ով Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։ Թեպետ եղան հերքումներ, սակայն սոցիալական էջերում դեռևս գրառումներ են լինում՝ նշելով, որ Սարգիս Գալստյանը մնացել է Արցախում, որպեսզի ադրբեջանցիների հետ համագործակցի։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանն այսօր ասաց, որ իր հորեղբայրն ադրբեջանական կողմից որևէ առաջարկ չի ստացել և Ստեփանակերտի պարետ չի նշանակվել։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման լուրեր տարածողները ֆեյք քաղաքական գործիչներն են ու նրանց սպասարկողները, որոնք հայ ազգի թշնամիներն են»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հարցին՝ խոսե՞լ է Սարգիս Գալստյանի հետ, պատգամավորը պատասխանեց.
«Սարգիս Գալստյանը որևէ առաջարկ ու պաշտոն Ադրբեջանի կողմից չի ստացել»։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ լուրերը շրջանառվելուց անմիջապես հետո կապ է հաստատել հորեղբոր ընտանիքի անդամների հետ։
«Այդ լուրը տարածվելուց կարճ ժամանակ անց ես խոսել եմ Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամների հետ, որոնք նշեցին, որ նման լուրեր տարածողներին դատի կտան։
Սարգիս Գալստյանը շարունակում է մնալ Արցախում ու զբաղվել այն քիչ մարդկանցով, որոնք մնացել են Արցախում, ու նրանց ճակատագիրն այստեղ ՀՀ իշխանություններից որևէ մեկին չի հետաքրքրում։
Այսօր մեզ ազգովի պետք է հետաքրքրեն ոչ թե այդ ֆեյք լուրերը, այլ ադրբեջանական գերության մեջ այս պահին գտնվող մեր գեներալների, Արցախի նախկին ղեկավարների ճակատագիրը։ Ազգովի այս հարցով պետք է զբաղվենք»,- հավելեց Դավիթ Գալստյանը։
Հաջորդ հարցին՝ արդյոք Արցախում մնալով՝ Սարգիս Գալստյանի կյանքին վտանգ չի՞ սպառնում, Դավիթ Գալստյանը պատասխանեց.
«Այսօր ամբողջ հայ ժողովրդին է վտանգ սպառնում»։