Իսրայելում պատերազմ է (թարմացվող)

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում անրադարձել է Իսրայել-Պաղեստին սկսված պատերազմին.

«Առավոտվանից լուրեր են ստացվում, որ Իսրայել-Պաղեստին նոր պատերազմ է սկսվել։

Այս նորությունը կարդալով՝ շատերդ կցանկանաք չխորանալ և արագ անցնել։ Չէ՞ որ սա մեզ հետ կապ չունի։ Բայց մի՛ շտապեք։ Կապ ունի։

Մենք՝ Հայաստանը, ոչ միայն նույն տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի մի մասն ենք, ինչ որ

Իսրայելն ու Պաղեստինը, այլև փոխկապակցված ենք հստակ աշխարհաքաղաքական կապերով։

Հայաստանում՝ Արցախ-Սյունիքյան ճակատում կատարվողն ու կատարվածը նույն մեծ խաղի մի մասն է, ինչ այս պահին Ուկրաինայում, Իսրայելում ու Պաղեստինում կատարվողը։ Այս առումով բավական է հիշեցնել, որ Իսրայելը Ադրբեջանին օգնում է և զինում է մեր դեմ, որովհետև դրանով փորձում է չեզոքացնել Իրանի սպառնալիքը Պաղեստինում, Սիրիայում և այլուր։

Հետևաբար՝ այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»։

Իսրայել-Պաղեստին պատերազմ. ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

◾️Պաղեստինական «Համաս» խմբավորումը առավոտից զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա։ Ըստ տարբեր տվյալների՝ արձակվել է ավելի քան 5000 հրթիռ։ Կիրառվել է նաև ցամաքային հարձակում։

◾️Արաբները հարվածներ են հասցրել տարբեր քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Թել-Ավիվին։ Կան զոհեր, վիրավորներ և գերեվարվածներ։

◾️Իսրայելը հայտարարել է, որ բանակը (ՑԱԽԱԼ) «պատերազմին պատրաստ լինելու» վիճակի է բերված։

◾️Համասը կոչ է արել Լիբանանում տեղակայված իր ուժերին ևս միանալ կռվին։

◾️«Համասը» գործողությունը կոչել է «Ալ Աքսայի ջրհեղեղ»։

◾️Հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։ Խորհրդանիշները Արևելքում ինչպես միշտ կարևոր են։

Ամեն բան հուշում է, որ առավոտյան սկսված բախումը կարող է ընդունել լայնամասշտաբ պատերազմի բնույթ։ Այդ դեպքում դրա ազդեցությունը մենք արագ կզգանք Հայաստան-Ադրբեջան ճակատում։

Արաբները հարձակումը սկսել են այսպես կոչված Գազայի հատվածից։ Կից քարտեզներով կարող եք մոտավոր պատկերացում կազմել այդ տեղանքի մասին։

Որոշ լուսանկարներ Իսրայելից, որտեղ երևում են պաղեստինյան առավոտյան հարձակման արդյունքները։

Պաղեստինցի արաբները կանգնած են իսրայելական խփված տանկի վրա։

Արաբական աղբյուրները նշում են, որ արաբներին հաջողվել է գրավել նաև իսրայելական զորամաս։

Հաստատված փաստ է, որ արաբների ցամաքային որոշ ուժեր մտել են Իսրայելի խորքը։

Իրավիճակը շարունակում է թեժանալ։

Իսրայելը իր պատասխան ռազմագործողությունը անվանել է «Երկաթյա թուր»։

Պատերազմը ընդունում է նոր մասշտաբներ։

Հետաքրքիր կլինի տեսնել Ադրբեջանի արձագանքը։

Պաղեստինցի արաբները ճեղքում են Իսրայել-Պաղեստին պայմանական սահմանը։

Իսրայելը կոչ է արել պահեստազորի բոլոր տղամարդկանց կանգնել բանակի կողքին։ Մինչ այդ արաբները վայելում են փոքրիկ հաղթանակներ՝ գրավված իսրայելական զինտեխնիկայի հետ նկարվելով։ Հետաքրքիր է, որ մեր օրերում մարդիկ սելֆի են անում ցանկացած իրավիճակում։

Պաղեստինի մզկիթներում սրբազան պատերազմին (ջիհադ) մասնակցելու կոչեր են հնչեցվում, որոնք տարածվում են բոլոր բնակավայրերում։

Ըստ ցանցում առկա տվյալների՝ Իսրայելի երկրի հարավային սահմաններում տեղակված զինտեխնիկան (ներառյալ ավիացիան), տեղափոխում է երկրի հյուսիսային հատվածներ, որպեսզի վերջիններս չանցնեն պաղեստինցի արաբների ձեռքը։

Պատերազմի մասշտաբները կարող են անկանխատեսելի լինել։

Իսրայելը փակել է երկրի հարավը քաղաքացիական բոլոր շարժերի համար։ Ըստ իսրայելական պաշտոնական տվյալների՝ առնվազն 21 կետերում ընթանում են մարտական գործողություններ։

Պաղեստինյան կողմից տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են գրավված իսրայելական քաղաքներ։ Սակայն դրանց հավաստիությունը ստուգել դեռևս հնարավոր չէ։

Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահու.

«Իսրայելը պատերազմի մեջ է»։

Իսրայելական մեդիաները պնդում են, որ Իսրայելն ունի շուրջ 200 վիրավոր և առնվազն 6 զոհ։

Իսրայելական բանակը հաստատել է, որ պաղեստինցի արաբները հարձակվել են ոչ միայն օդային և ցամաքային, այլև ծովային ճանապարհով։

Իսրայելի մեծ հակագրոհը կլինի հավանաբար երեկոյան կամ գիշերը: Այդ գործողության արդյունքներից հայտնի կլինի, թե ինչ շարունակություն կունենա պատերազմը:

Մինչ այդ պաղեստինցի արաբները շարունկում են գրաված պահել Գազային սահմանակից որոշ տարածքներ: Ցանցուն լայնորեն պտտվում է այս քարտեզը, որտեղ կանաչ գծով երևում է այն տարածքը, որը այս պահին վերահսկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը: Քարտեզի վավերականությունը չեմ կարող հաստատել, սակայն այն հավանական է:

Այսօրվա պատերազմը եթե նույնիսկ շատ կարճատև լինի, ապա արդեն մի քանի արդյունք գրանցել է: Դրանք են.

▪️Կդադարեն կամ կառկախվեն Իսրայելի և արաբական որոշ երկրների միջև ԱՄՆ միջնորդությամբ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը, և առաջին հերթին Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները:

▪️Գազայի հետ սահմանը ամենապաշտպանվածներից էր տեխնոլոգիապես: Արաբների հարձակումը ցույց տվեց, որ միայն տեխնոլոգիաներին ապավինելը բավարար չէ:

▪️ Խաղաղությունն ու պատերազմը իրար միշտ հաջորդելու են: Անկախ մեր ցանկությունից:

***

Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջին պաշտոնական արձագանքը իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմին.

«Կողմերին կոչ ենք անում գործել զուսպ և չսրել իրավիճակը»:

Այլ բառերով` սպասում են, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Շուտով նմանատիպ մի բան կհայտարարի նաև Ադրբեջանը:

ՌԴ-ում Իսրայելի դեսպան.

«ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար պատաախանատուներու թվին ենք դասում նաև Իրանը»:

Թեժանում է:

***

Նկարում երևում է Գազայի վրա Իսրայելի բացած կրակի արդյունքը։

Սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ վերահսկում է գրավված տարածքները։

Գերեվարված են բազմաթիվ իսրայելցիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ։

Վիրավորների թիվը անցել է 500-ը, հաստատված մահերը՝ 23։

Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության այսօրվա հարձակումը կոչվում է «Ալ Աքսայի ջրհեղեղ» ռազմագործողություն:

Ալ Աքսան մզկիթ է Երուսաղեմում, իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկն է: Խորհրդանշական նույնիսկ ընտրված անունը:

Իսրայելա-պաղիստանյան նոր պատերազմի առաջին հետևություններից մեկը, ըստ բազմաթիվ փորձագետների, իսրայելական գերպրոֆեսիոնալ հետախուզական համակարգի փաստացի տապալումն էր. այն չէր կարողացել կանխատեսել և կանխարգելել Իսրայելի վրա հարձակումը։

Իսկ հիմա հիշեք, թե ով է Հայաստանի նորաստեղծ հակահետախուզական համակարգի ղեկավարը…։ Եվ պատկերացրե՛ք հետևանքները։

***

Իսրայելը հաստատեց պաշտոնապես առնվազն 100 զոհերի փաստը։

***

Իսրայելա-պաղեստինյան այսօրվա պատերազմի առաջին օրվա ավարտին պատկերը հետևյալն է.

◾️Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը շարունակում է գրաված պահել Իսրայելի հարավի մի շարք տարածքներ (շուրջ 22 տեղանք) և կարևոր ենթակառուցվածքներ:

◾️ Շարունակվուն են նաև երկկողմ լայնմասշտաբ հրթիռակոծությունները:

◾️ Ակնկալվում է գիշերային լայնամասշտաբ գրոհ Իսրայելի կողմից:

◾️ Զոհեր. Իսրայել – ավելի քան 200, 1000 վիրավոր, Պաղեստին (Գազա) – 230 զոհ, 1600 վիրավոր:

Դեռևս անհայտ է, թե կմիանա արդյոք պայքարին Լիբանանում տեղակայված Հեզբոլլահը և Իրանը (միջնորդավորված): Սրանից կախված է պատերազմի շարունակականությունը:

Վարուժան Գեղամյան |@varuzhandragoman

Տեսանյութեր

Լրահոս