Բաժիններ՝

Մարգարեներ

Մարգարեների մասին

Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն թողել, այլ ծավալել են մարգարեական եռանդուն գործունեություն Իսրայելի պատմության այս կամ այն ժամանակահատվածում:

Քրիստոնեության վաղ շրջանում առաջացած մի հերձված պնդում էր, որ այլ էր Հին Կտակարանի մարգարեներին ներշնչող ոգին, և այլ` առաքյալներին ներշնչող ոգին: Սրա դեմ հանդես եկան եկեղեցական մեծագույն հեղինակությունները` հերքելով այս թյուր կարծիքը, հաստատելով, որ նույն Սուրբ Հոգին էր ներշնչում թե՛ մարգարեներին և թե՛ առաքյալներին: Հին Կտակարանի հեղինակները ևս մարգարեներ են: Եվ նույն Հոգուց ներշնչվելով` մարգարեները գրեցին Հին Կտակարանը, իսկ առաքյալները` Նոր Կտակարանը: Սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Մարգարեությունները ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետր. 1.21): Իսկ եկեղեցական հեղինակներից Սեբերիանոսը նշում է, թե ինչպես որ եղեգը, որը չի կամենում գրել, այլ գրում է այն, ինչ ձեռքն է հրամայում, այդպես էլ մարգարեների լեզուն ասում էր այն, ինչ Սուրբ Հոգու իշխանությունն էր հրամայում:

Մարգարեները մարդկանց ազատեցին վախից: Վախը գալիս է վտանգավոր բաներից և ծագում է ոչ թե անցյալի կամ ներկայի դժբախտություններից, այլ գալիք վնասաբեր երևույթների ակնկալությունից, քանի որ վախը գալիք աղետների ակնկալությունն է: Մարգարեները հայտարարում էին, որ Աստծո հանդեպ հավատարմությունն ազատում է դժբախտություններից, և կամ մարդն Աստծո օգնությամբ կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Կարդացեք նաև

Հինկտակարանյան մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես Մկրտիչը (Մատթ. 11.13), որովհետև նրանք մարգարեանում էին Քրիստոսի գալստյան, փրկագործության մասին, մարդկանց հիշեցնում Աստծո կամքի համաձայն ապրելու մասին: Եվ այս ամենն իր լրումին հասավ Քրիստոսով, երբ իրականացան Տիրոջ մասին մարգարեությունները, և մարդկանց տրվեցին քրիստոնական վարդապետությունն ու աստվածային շնորհները` աստվածահաճո կյանքով ապրելու: Քրիստոսն է օրենքների և մարգարեությունների լրումը: Սա երևում է հատկապես պայծառակերպության դրվագում, երբ Քրիստոսին երևացած Մովսեսն ու Եղիան` օրենքի և մարգարեության ներկայացուցիչները, վերջում անհետանում են, և աշակերտներին երևում է միայն Քրիստոս` որպես լրում օրենքների և մարգարեությունների (Մատթ. 17.1-8, Մարկ. 9.1-7): Սակայն վաղ շրջանի Եկեղեցում դեռ խոսվում է մարգարեության անհրաժեշտության մասին. Սուրբ Պողոսն առաջին կարևոր շնորհ է համարում առաքելությունը, երկրորդը` մարգարեությունը` հորդորելով. «Նախանձախնդիր եղեք մանավանդ մարգարեություն անելու» (Ա Կորնթ. 14.1):

Բայց պետք է իմանալ, որ քրիստոնեության վաղ շրջանում մարգարեանալ նշանակում էր Աստծո մասին ավետարանել, քարոզել, հավատավոր կյանքով ու գործով Աստծո գաղափարը և Նրա պատվիրանները հասցնել մարդկանց: Իհարկե, հատկանշական դեպքերում Աստված նաև իր հատուկ պատգամն էր հայտնում որևէ անձի միջոցով, ինչպես Պողոս առաքյալը իր վախճանի մասին իմացավ Ագաբոս մարգարեից (Գործք 21.10-11): Հին ժամանակների մարգարեության շնորհն իր նախնական տեսքով այլևս գոյություն չունի և վերածվել է քարոզչության շնորհի, որովհետև հիմա քարոզչությունն ավելի անհրաժեշտ է Եկեղեցում, քան մարգարեությունը: Պատճառն այն է, որ Քրիստոսի քաղցր և ճշմարիտ վարդապետությամբ ու առաքյալների ուսուցումներով հոգևոր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ բացահայտված է մարդու համար, և պետք է քարոզչությունը` մարդուն զգաստ պահելու հավատքի մեջ, հորդորելու առավել կատարելագործվելու, մեղքերի համար զղջալու ու ապաշխարելու և իրական քրիստոնեական կյանքով ապրելու:

Առաքյալը խոսում է նաև կանանց մարգարեանալու մասին. «Ամեն կին, որ աղոթքի կանգնի կամ մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը» (Ա Կորնթ. 11.4): Կնոջ մարգարեանալը վերոնշյալ իմաստով առաքյալն իհարկե նկատի ուներ ոչ թե հրապարակային վայրերում, այլ տանը, քանի որ Պողոսն արգելում էր կանանց խոսել աստվածպաշտական արարողությունների ժամանակ (Ա Կորնթ. 14.34): Պատճառն այն էր, որ դրախտից անկումից հետո կինը դրվեց տղամարդու իշխանության տակ (Ծննդ. 3.16), դրա համար էլ պաշտամունքների ժամանակ պետք է քող դնի իր գլխին (Ա Կորնթ. 11.5-10), որը խորհրդանշում է տղամարդու իշխանությունը կնոջ հանդեպ, ինչն էլ իր հերթին գեղեցիկ խորհրդանիշ է արարածների վրա աստվածային իշխանության:

Քրիստոս ևս կոչվեց մարգարե. «Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլիայի Նազարեթ քաղաքից է» (Մատթ. 21.11), «Եվ նրանք ասացին Հիսուս Նազովրեցու մասին, ող եղավ մարգարե մարդ» (Ղուկ. 24.19): Հետաքրքրական է, որ Քրիստոս, ով Աստված է, մարդացավ ու կոչվեց մարգարե, և մարգարեները, որ մարդիկ էին, կոչվեցին աստվածներ (Ելք 7.1, 22.28):

Պրոմեթևս և մարգարեներ

Մարգարեության գաղափարը հատուկ է ոչ միայն հրեաներին. հեթանոս այլ ժողովուրդներ ևս ունեցել են մարգարե-գուշակողներ: Հեթանոս ժողովուրդներն իմաստության հասան գիտության տարբեր բնագավառներում, բայց հիմարացան հավատքի մեջ, քանի որ պաշտում էին մարդկային կրքերը կամ բնության ուժերը: Սակայն շեղված հավատքի մեջ միևնույն ժամանակ մարդկային իմաստություն ունենալով` նրանք ճիշտ ուսուցումներ էին տալիս ընկերության և առաքինության սկզբունքների մասին: Օրինակ` մի անգամ քաղդեացիներն ընծաներ ուղարկեցին Դելֆի Ապոլլոնի և Արտեմիդի համար և հարցրին դելֆյան գուշակին, թե արդյո՞ք պետք է հավասարապես բաժանեն ընծաները` հիշյալ չաստվածներին ընծայելու համար: Եվ գուշակը պատասխանեց, որ ընկերների միջև ամեն ինչ ընդհանուր է: Անձնազոհության և բարեգործության գեղեցիկ օրինակ է նաև հեթանոսական առասպելը Պրոմեթևսի մասին:

Նա կրակը պարգևեց մարդկանց, որի պատճառով դատապարտվեց գամվելու ժայռին և չարչարանքների ենթարկվելու: Ասում են, որ Պրոմեթևս անունը թարգմանվում է կանխատեսող: Հին Կտակարանի մարգարեները ևս կանխատեսողներ էին ճշմարիտ կերպով, և հավանաբար Պրոմեթևսի կյանքը ցույց էր տալիս մարգարեների ճակատագիրը: Նրանք ևս խորհրդանշական կրակը բերեցին մարդկանց` Աստծո պատվիրանների և կամքի համաձայն ապրելու ջերմեռանդությունը, և մարգարեները սպանվեցին` հետապնդումների ու հալածանքների ահավոր դառնություն ճաշակելով:

Աստված խոսում է

Աստված հայտնեց Իրեն մարդկությանը, խոսեց մարգարեների հետ, տեսիլքներով հաղորդակցվեց սրբերի հետ` տալով Իր պատգամներն ու պատվիրանները: Այսօր մարդիկ կան, ովքեր ասում են, թե իրենք լսում են Աստծո, հրեշտակների ձայները և երբեմն նույնիսկ տեսնում նրանց: Այս երևույթը շատ է հետաքրքրում նաև հոգեբաններին, ովքեր բավականին ուսումնասիրություններ են արել և պատասխաններ տվել: Որոշ հոգեբաններ ասում են, որ այս կյանքից դժգոհ և հիասթափություններ ունեցող մարդիկ իրենց երևակայության մեջ ստեղծում են իրենց սեփական աշխարհը, որտեղ նրանք պայքարում են չարի դեմ և հաղթում:

Սակայն կրոնական տեսակետի համաձայն` այս տեսակի մարդիկ նախանձախնդրություն ունեն Աստծո հանդեպ, իրենց միամտության մեջ ուզում են տեսնել և լսել Աստծուն, և չարն օգտագործում է այս առիթը` մարդկանց գցելով իր ազդեցության տակ: Հոգեբանները հաճախ հաջողություններ չեն ունենում նման մարդկանց բուժելու գործում, որովհետև նրանք չեն տեսնում խնդրի հոգևոր կողմը և փորձում են բժշկել որևէ մեկին` այդպիսի վիճակը բացատրելով միայն ֆիզիկական տեսանկյունից` ուղեղի վրա ուռուցքներ, գլխուղեղի կեղևի ֆունկցիաների խախտում, գլխուղեղի արյունատար անոթներում արյան շրջանառության վատթարացում և այլն: Բազում մարդիկ պատրանքներ, հալյուցինացիաներ են ունենում, նրանք լսում են ձայներ, տեսնում հրեշտակների կամ տարբեր անձեր ու պատկերներ:

Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի վրա ապրող հարյուր մարդուց մեկը այսպիսի մղձավանջային վիճակի մեջ է: Սակայն մենք կսխալվենք, եթե մարգարեների, սրբերի վարքն ու բարքը բացատրենք հոգեկան հիվանդությամբ:

Մարգարեներն իրականում լսել են Աստծո ձայնը և հրաշքներով, իրենց մեծ գործունեությամբ ապացուցել են, որ նրանք ընտրյալներ են Աստծո կողմից:

Այն փաստը, որ մենք մարգարեներ չենք, և Աստված Ինքը չի խոսում մեզ հետ, չի նշանակում, որ Աստված անտեսում է մեզ կամ ավելի քիչ սիրում, քան մարգարեներին: Օրինակ` Աստված խոսեց Մովսեսի հետ Վկայության վրանի, դրանում դրվելիք սպասքի, քահանաների զգեստների պատրաստության մասին (Ելք 26-30), բայց Մովսեսը պիտանի չէր վրանի կառուցման և մյուս պիտույքների պատրաստման համար:

Դրա համար Աստված ցույց տվեց այն արհեստավորներին, ովքեր կարող էին կատարել այդ գործը (Ելք 31.1-6): Նման երևույթ կարող ենք տեսնել նաև բնության մեջ: Տանձենին չի կարող անգամ մի փտած խնձոր պտղաբերել, իսկ խնձորենին չի կարող տանձ ունենալ իր ճյուղերին: Նույն կերպ մշակույթի որևէ բնագավառում տաղանդավոր մարդը չի կարող իր տանը հմտություն պահանջող անգամ փոքր կենցաղային գործ անել, որն իրականացվում է մի պարզ արհեստավորի կողմից: Նաև մենք մարգարեներ չենք, որոնց հետ Աստված խոսեց, սակայն յուրաքանչյուրն արժեքավոր է իր բնագավառում, և Աստված սիրում է մեզ նույն հոգատարությամբ և խոսում ամենքիս հետ Սուրբ Գրքի և այլ աղբյուրների միջոցով:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս