Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0.1 տոկոս. Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական շուկայում գնաճի ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.6-1.0 տոկոսով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Գյումրի և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.9 տոկոսով։

Հանրապետությունում 2023 թ. սեպտեմբերին 2022 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1 տոկոս գնանկում, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ՝ 1.4 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0-1.7 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5 տոկոսով:

Անցած տարվա սեպտեմբերի համեմատ 2023 թվականի նույն ժամանակահատվածում խոզի մսի գինը նվազել է 14.2 տոկոսով, ոչխարինը՝ 2.7 տոկոսով, թռչնամսինը՝ 0.2 տոկոսով,։

Նախորդ ամսվա համեմատ սեպտեմբերին խոզի, ոչխարի մսի և թռչնամսի գները նվազել են համապատասխանաբար՝ 1.2 տոկոսով, 1.4 տոկոսով և 0.4 տոկոսով:

Տավարի մսի գինն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 տոկոսով, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023 թ. սեպտեմբերին 2022 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6%, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ:

2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 9.45 տոկոս:

Այս և մի շարք այլ ապրանքախմբեր սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.89 տոկոսային կետով:

2023 թ. սեպտեմբերին 2022 թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:

Տեսանյութեր

Լրահոս