Վերանայվել է դպրոցներում և արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը

Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման:

Մինչ զեկույցին անցնելը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար, որը, ըստ նախարարի, հատկապես այս օրերին լրացուցիչ ջանք է պահանջում՝ հաշվի առնելով, որ այս պահին Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 000 դպրոցահասակ երեխա, որոնց կրթության ապահովումը նույնպես այսօր ուսուցիչների ուսերին է:

Այպիսով՝ ըստ նախարարի զեկույցի, սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային լայնածավալ բարեփոխումների տրամաբանությունից: Իրականացվող փոփոխությունը նպատակ ունի ուսուցչի դրույքաչափում կատարելու փոփոխություն, ինչի անհրաժեշտությունը մեծապես պայմանավորված է նոր չափորոշչի ներդրմամբ: Չափորոշչի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է ապահովել կրթական որակյալ բովանդակություն, ուսուցչական բարձրորակ համակազմի առկայություն, որը մասնագիտական շարունակական զարգացման, ինքնակրթության միջոցով կկարողանա ապահովել քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորումը:

Վերոգրյալը ենթադրում է ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն գործարկելու միջոցով հասնել ուսուցիչների որակյալ համակազմի այնպիսի ցուցանիշի, որը կլինի նաև ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի ներդրման շահառու՝ հնարավորություն ունենալով պատշաճ վարձատրություն ստանալու: Այս ամենը ենթադրում է ուսուցչի պարտականությունների շրջանակի ընդլայնում, աշխատանքային ծավալի մեծացում, որով պայմանավորված է ուսուցչի՝ պարապվող դասաժամերի նվազեցումը՝ վերջինիս ընձեռելով մասնագիտական զարգացման և կատարելագործման, պաշտոնի անձնագրով նախատեսվող ծավալուն, բայց անհրաժեշտ լրացուցիչ գործառույթների իրականացման հնարավորություն:

Տեսանյութեր

Լրահոս