
Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում

CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ապահովող Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։
Այս մասին ընկերությունը հայտնել է «Լինկդին»-ի պաշտոնական էջում:
CB Insights-ի հետազոտական թիմն ընտրել է 100 հաղթողներին ավելի քան 19 հազար մասնավոր ընկերություններից: Դրանք ընտրվել են՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են բաժնետոմսերի ֆինանսավորումը, ներդրողների պրոֆիլները, գործարար հարաբերությունները, R&D գործունեությունը, մրցակցային լանդշաֆտը և տեխնոլոգիական նորարարության ու շուկայական ներուժի չափանիշները:
«Cognaize-ի համար պատիվ է CB Insights-ի կողմից ընտրվել որպես աշխարհի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկը, քանի որ դա լրացուցիչ հաստատում է այն հսկայական արժեքը, որ մենք տրամադրում ենք ֆինանսական կազմակերպություններին AI-ի վրա հիմնված մեր IDP լուծումներով»,- «Լինկդին»-ի իր էջում գրել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը:
«Շատ շնորհակալ ենք Cognaize-ի թիմին իրենց անխոնջ նվիրվածության համար, ինչպես նաև մեր հաճախորդներին և գործընկերենրին՝ մեզ ցուցաբերած վստահության համար»,- գրել է ընկերության հիմնադիր Վահե Անտոնյանը:
Cognaize-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին Վահե Անտոնյանի կողմից: