Ալիևն իր դեմարշով հերքեց Փաշինյանի տեսակետը, թե Արցախը հանձնելով՝ կարող է փրկել Հայաստանը. նոր պահանջներ են եղել. Արթուր Խաչատրյան

Եթե Փաշինյանը կարծում էր, թե Արցախը տալով՝ կփրկի Հայաստանը, Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու: Ի հեճուկս ՀՀ իշխանությունների՝ Արցախի դեմ թուրթ ստորագրելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանը նրանց լրացուցիչ պահանջ է ներկայացրել: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական առաջնային պահանջը, ամենայն հավանականությամբ, եղել են, այսպես կոչված, «անկլավները», որի լեգիտիմությունը, իր բնորոշմամբ, Ալիևին տվել են Փաշինյանն ու իր թիմակիցները:

«Նրանք հայտարարում էին, որ այդ «անկլավները» կան: Երևի կհիշեք, որ Երևանում որոշ քարտեզներ հրապարակվեցին, փակցվեցին փողոցներում, որտեղ քարտեզի մեր տարածքի վրա անցքեր կային: Նաև, որքան էլ Իրանը չհերքի, որ համաձայնել է, որ երկաթգծի մի ճյուղ անցնի իր տարածքով, նաև «միջանցքի» հարցն է եղել»,- ասաց նա՝ մեջբերելով նաև ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե ադրբեջանական «300 համայնք պետք է վերադառնա Հայաստան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը հրաժարվել էր մեկնել Գրանադա՝ մասնակցելու այսօր՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք հանդիպմանը՝ դա բացատրելով, որ Գերմանիան ու Ֆրանսիան մերժել են իր առաջարկը՝ հանդիպմանը Թուրքիայի նախագահի մասնակցության մասով:

Իսկ երեկ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հանդիպումը չեղյալ չեն հայտարարել ու մեկնելու են Գրանադա՝ հանդիպելու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մյուս մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս