Արցախի հարցում Բայդենի անգործությունը hիասթափեցնում է ամերիկահայերին
Բազմաթիվ արդարացի բողոքներ կան Արցախի կորստի հարցում Ռուսաստանի խայտառակ դերի և Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում անգործության մասին։ Այնուամենայնիվ, շատ դժգոհություններ կան նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անտարբերությունից՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։
30 տարի շարունակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի կազմում են արցախյան հակամարտության միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, բազմիցս հայտարարություններ է արել ուժի կիրառման անընդունելիության մասին՝ հորդորելով հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
Սակայն, ի հեճուկս նման բարի մտադրությունների, երբ Ադրբեջանը երեք տասնամյակ շարունակ սահմանի վրա հաճախակի գնդակոծություններով հարձակվում էր Արցախի և Հայաստանի վրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես անիմաստ հայտարարություններ էր անում՝ կոչ անելով երկու կողմերին չդիմել բռնության։ ԵԱՀԿ-ն, սակայն, երբեք իրեն նեղություն չի տվել մատնացույց անել մեղավոր կողմին՝ Ադրբեջանին, դրանով իսկ հանցագործին հավասարեցնելով զոհին:
Նման անարդար հայտարարությունները խրախուսեցին Ադրբեջանին լկտիաբար շարունակել իր հարձակումները, որի գագաթնակետը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված զանգվածային պատերազմն էր, որին հաջորդեցին ներխուժումները Հայաստանի տարածք։ Անցյալ ամիս Ադրբեջանը խախտեց 2020 թվականին ստորագրած համաձայնագիրը, որը թույլ էր տալիս ռուս խաղաղապահներին պաշտպանել Արցախում մնացած բնակչությանը մինչև 2025 թվականը։ Իլհամ Ալիևը, քաջ գիտակցելով, որ ոչ մի օտար երկիր չի միջամտի իր հարձակումները կասեցնելու համար, իրականացրեց Արցախի 120 հազար բնակիչների էթնիկ զտում և նրանց վտարեց իրենց պատմական հայրենիքից։
2023 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև հավաստիացրեց. «Մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն։ Մենք չենք հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»։ Մի քանի օր անց Ադրբեջանը հարձակվեց և բռնագրավեց Արցախը՝ համոզված լինելով, որ ԱՄՆ կառավարությունը բլեֆ է անում։
Բնականաբար, ոչ ոք չէր սպասում, որ ԱՄՆ-ը կամ որևէ այլ մեծ տերություն զորք կուղարկի Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար, բայց պարզապես Ադրբեջանին կոչ անել չփակել Լաչինի միջանցքը կամ զերծ մնալ ուժի կիրառումից, անիմաստ էր։ Միջազգային հանրությունը նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի նկատմամբ, քանի որ նրա գազն ու նավթն ավելի արժեքավոր էին, քան հայերի արյունը։
Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ 2020 թվականի պատերազմից ի վեր Արցախի և Հայաստանի վրա Ադրբեջանի բազմիցս հարձակումներն անտեսելուց հետո՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը վերջապես անցյալ շաբաթ ժամանեց Հայաստան՝ իր հետ բերելով նախագահ Ջո Բայդենը նամակը, որը շատ գեղեցիկ խոսքեր էր պարունակում հայ ժողովրդի հասցեին, բայց կրկին ոչ մի գործողություն։
Առավել ցնցող է, որ Փաուերն առաջարկեց ողորմելի 11․5 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն 120 հազար ընչազուրկ արցախցի փախստականներին: Դա գրեթե 96 դոլար է յուրաքանչյուր փախստականի համար, որը զրկվել է կացարանից, սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Սա խայտառակ գումար է ԱՄՆ ՄԶԳ-ի տարեկան 50 միլիարդ դոլար բյուջեի համեմատ: Նրա այցը շատ ուշացած էր և մեծապես անօգուտ:
Մի քանի այլ երկրներ և միջազգային գործակալություններ նույնպես խոստացել են օգնություն ցուցաբերել արցախահայությանը. Ֆրանսիան (7․4 միլիոն դոլար), Գերմանիան (5․3 միլիոն դոլար), Եվրամիությունը (5․3 միլիոն դոլար), Շվեդիան (1․3 միլիոն դոլար), Կանադան (1․85 միլիոն դոլար), Դանիան (140 000 դոլար), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ը, (գումարը նշված չէ), Ճապոնիան (գումարը նշված չէ), Իսպանիան (գումարը նշված չէ): Հայաստանը հատկացրել է 25 միլիոն դոլար (յուրաքանչյուր փախստականի՝ միանվագ 250-ական դոլար), ավելացրած ամսական 125 դոլար վարձակալության և կոմունալ ծառայությունների համար՝ 6 ամսով։ Կիպրոսի կառավարությունը Արցախի փախստականներին հրավիրել է վերաբնակվելու Կիպրոսում։ Սակայն այս տեղահանված հայերին Հայաստանից դուրս տանելը լավ գաղափար չէ։
Բացի այդ, տասնյակ հայկական կազմակերպություններ ամբողջ Սփյուռքում գումարներ են հավաքում արցախցի փախստականներին օգնելու համար։ Հայաստանում կան նաև բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ և բիզնեսներ, որոնք օգնում են արցախահայությանը գումարներով, պարագաներով կամ ծառայություններով։ Հայաստանի ֆինանսների նախարարությունը բանկային հաշիվ է բացել հանրության կողմից նվիրատվություններ ստանալու համար։ Կա նաև գրասենյակ, որն ստեղծել է Հայաստանի կառավարությունը՝ առաջարկվող օգնության բաշխումը համակարգելու համար։
Եթե որևէ մեկը կարծում է, որ խոստացված օգնությունը մեծ գումար է, այն իրականում չնչին է` համեմատած գալիք ամիսների և տարիների փախստականների հսկայական կարիքների հետ: Մյուս կողմից, Ուկրաինան մինչ այժմ 80 միլիարդ դոլար է ստացել ԱՄՆ-ից իր ռազմական, ֆինանսական և հումանիտար կարիքների համար։ Բացի այդ, ևս 41 երկիր տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդրել Ուկրաինայում։
Բայդենի վարչակազմի կողմից կոնկրետ գործողությունների բացակայությունը, բացի արցախցի փախստականներին 11․5 միլիոն դոլարի խոստումից, խիստ հիասթափեցրել է բազմաթիվ ամերիկահայերի։ Զարմանալի է, որ նախագահ Բայդենը, լինելով փորձառու քաղաքական գործիչ և հաջորդ տարի վերընտրվելու թեկնածու, որը ԱՄՆ-ի պատմության մեջ գործող նախագահի համար ունի ամենացածր վարկանիշներից մեկը, ավելի շատ ջանք չգործադրեց ամերիկահայ ընտրողներին գրավելու համար: Նույնիսկ եթե նախագահ Բայդենին չեն հետաքրքրում Հայաստանն ու Արցախը, նա պետք է գոնե մտածեր իր սեփական շահի մասին, որն իր վերընտրվելու համար ձայներ հավաքելն է։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի