Բաժիններ՝

«Ջազի սերունդ» խորագրով համերգը կհյուրընկալի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 5-ին կոմպոզիտորի անվան համերգասրահում տեղի կունենա «Ջազի սերունդ» համերգը, որը հյուրընկալելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին:

Համերգն ընդգրկված է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի ծրագրում: Փառատոնը 15-րդ անգամ իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Երեկոյին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու ջազի երեք լեգենդների ելույթը մեկ բեմում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի և հրավիրյալ արտիստ, ՌԴ ժողովրդական արտիստ Դանիլ Կրամերի:

Համերգին մասնակցում են նաև Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Լևոն Մալխասյանը Երևանի առաջին ջազ եռյակի հիմնադիրն է, բեմ է բարձրացել աշխարհի ավելի քան 40 երկրում։ Նյու Յորքի միջազգային ջազային ասոցիացիայի որոշմամբ ստացել է պաշտոնական սերտիֆիկատ՝ Երևանում ջազային փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Վահագն Հայրապետյանը «Կատուներ» ավանգարդ ջազ-ռոք խմբի ղեկավարն է և հայկական ջազի այն կերպարը, ով տասնամյակներ շարունակ բարձր մակարդակով է ներկայացնում ջազն աշխարհում։

Դանիլ Կրամերը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ասում են, թե նույնիսկ այս երաժշտի բնավորությունն է ջազային իմպրովիզներից և հենց նա է աշխարհում տարածում ռուսաստանյան ջազը։ Երեկոյին մասնակից մյուս երաժիշտը թավջութակահար, «Մալխաս» ջազ խմբի կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանն է, որը համագործակցել է հանրահայտ այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Միշել Լեգրանը, Չիկ Կորեան, Իգոր Բուտմանը, Դանիլ Կրամերը, Արմեն Դոնելյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը և մյուսները։ Թմբկահար Արման Մնացականյանն էլ ցանկալի երաժիշտ է հայաստանյան տարբեր ջազ խմբերում։ Նա 25 տարեկանում հաջող կարիերա է կառուցել և հասցրել է ելույթ ունենալ հայ և արտասահմանցի արտիստների հետ:

Երեկոյի ընթացքում կհնչեն հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս