Լևոն Մնացականյանի գերեվարումի՞ց եք ուրախացել, թե՞ Ռուբեն Վարդանյանի կամ Դավիթ Բաբայանի. Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի համար տարօրինակ են ՔՊ-ական պատգամավորների բարձր տրամադրությունն ու ժպիտները։

«Ինչի՞ց եք այսքան ուրախ, այսքան գոհ ու անհոգ: Ինչի՞ց եք այդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, այս պատկե՞րն էիք դուք Հայաստանի համար նախատեսել: Հանգստացե՞լ եք վերջապես, հանձնել եք Արցախը, հիմա արդեն հանգի՞ստ եք: Երկրում սուգ է, Հայաստան աշխարհին ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի դառնության մեջ ենք, բայց  ձեր ծիծաղը, անհասկանալի աղմուկը այս դահլիճից չի կտրվում»,- այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, ասաց Մկրտչյանը։

Ըստ նրա՝ Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակներում հաղթանակներ բերած մարդկանց ՔՊ-ական իշխանությունը հանձնեց Բաքվին, իսկ գուցե դա՞ է ուրախության պատճառը։

«Անկեղծ ասեք, ո՞ր մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել՝ Լևոն Մնացականյանի՞, Դավիթ Մանուկյանի՞, Դավիթ Բաբայանի՞, Ռուբեն Վարդանյանի՞»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց պատգամավորը՝ նրանց խորհուրդ տալով հիշել, թե իրենց պաշտոնավարման տարիներին քանի՞ հայ են թողել Բաքվի բանտերում։

«Թե՞ գոհ եք նրանից, որ ձեր դավադրության դեմը ոչ ոք չի կարողանում առնել, ինչ ձեր դիմաց դրել են, էդ էլ անում եք: Դուք հո վամպիրնե՞ր չեք, այսքան արյան մեջ անհոգ դեմքերով ո՞նց եք ապրում դուք,- ասաց Մկրտչյանը՝ շարունակելով,- Ինձ չի հետաքրքրում, թե այս դահլիճում ով կլինի ընդդիմություն, ես այդ ընդդիմության մասը կլինեմ, թե չեմ լինի, մի հատ պարզ ճշմարտություն կա, որ ձեր վերջը հաստատ գալու է։ Ձեր գնալու ճանապարհն էլ, ձեր պատիժն էլ ամենաարդար ձևով կկազմակերպվի: Ու ինչքան երկար եք դուք այստեղ մնում, այնքան ձեր պատիժն ավելի դաժան է լինելու, իսկ ձեր գնալու ճանապարհը՝ ավելի արդար»։

Տեսանյութեր

Լրահոս