Բանգկոկում 14-ամյա դեռահասի կողմից իրականացված հրաձգության հետևանքով կա 3 զոհ
Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ 14-ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգկոկի Siam Paragon շքեղ առևտրի կենտրոնում։ Կրակոցներ լսելուց հետո մարդիկ սկսել են փախչել առևտրի կենտրոնից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
14-ամյա պատանին հարցաքննվում է։
Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թավիսինը միջադեպից հետո գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ մտահոգություն հայտնելով հանրային անվտանգության առնչությամբ։
Reuters-ը հիշեցնում է, որ Թաիլանդում հրաձգության դեպքերը հազվադեպ չեն․ 2022 թ․-ին ոստիկանության նախկին սպան դանակով և հրազենով հարձակվել էր մանկապարտեզի վրա՝ սպանելով 22 երեխայի։ Իսկ 2020 թ․-ին մի զինվոր հրաձգություն էր իրականացրել 4 տարբեր վայրերում՝ սպանելով 29 մարդու, վիրավորելով 57-ին։