USAID-ն մեղադրվում է հեղաշրջման փորձի մեջ

Վրաստանի իշխանությունը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայությունը, USAID-ին (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) մեղադրել են պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

USAID-ի գրասենյակը դեռևս հայտարարություն չի տարածել նշվածի հետ կապված, իսկ ընդդիմությունն ու քաղհասարակությունը գտնում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)՝ Վրաստանում «բռնի հեղաշրջման» փորձի մասին նախկինում արված հայտարարությանը լրացում արեց և հայտարարեց, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող թրեյնինգներին վերապատրաստվել է մի մեծ խումբ, «որը պետք է վճռորոշ դեր խաղա իշխանության բռնի տապալման գործընթացների նախապատրաստման և իրականացման գործում»։

Դրանից հետո, կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս Վրաստանում այսպես կոչված «բռնությամբ հեղաշրջման» փորձի մասին խոսեց։

«Մենք հանրության առաջ բացահայտել ենք մեր երկրի ներսում գործող կործանարար, թշնամական, ապազգային, հակապետական ​​ուժերի ծրագրերն ու գաղափարները, որոնք օգնություն են ստանում այլ երկրներից:

Մտահոգիչ է այն փաստը, որ օտար երկրի քաղաքացիներ են գալիս երկիր և այստեղ թրեյնինգներ անցկացնում, իբր նրանք դասընթացներ են անցկացնում արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար։ Այս պահին ուղղակիորեն գնում են կոչերն ու թրեյնինգները, թե ինչպես կարելի է հեղափոխություն անել և բռնությամբ տապալել իշխանությունը»,- հայտարարել է վարչապետը:

Վրաստանի ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը զբաղված է այսպես կոչված «գործակալների» բացահայտմամբ, սակայն, իրական գործակալներին բացահայտելու փոխարեն իրականցնում է հակառակ գործընթացը՝ վիրավորելով ռազմավարական գործընկերներին:

Նրանց պնդմամբ՝ իշխանությունը նման քաղաքականությամբ փորձում է միջազգային հանրության, հասարակության ուշադրությունը շեղել նախկին դատախազ, օլիգարխ Օթար Փարցխալաձեի և Ազգային բանկի շուրջ ստեղծված իրադարձություններից:

Ըստ ՊԱԾ-ի՝ Սերբիայի երեք քաղաքացիներ, որոնք, ըստ իրենց՝ կապված են 2003 թվականի «Վարդերի հեղափոխության» իրադարձությունների հետ, Վրաստան են եկել USAID-ի ծրագրի «Արևելք-Արևմուտք» կառավարման ինստիտուտի հրավերով։ Նրանց Վրաստան ժամանելու պատճառը եղել է մշակույթի ոլորտում աշխատող խմբերի համար «ռազմավարական ոչ բռնի պայքարի» հարցերով դասընթացներ անցկացնելը, սակայն, հետաքննությունը պարզել է, որ սա Վրաստան ժամանելու միակ նպատակը չէ:

«Մասնավորապես, այցի իրական նպատակն էր կապ հաստատել և թրեյնինգներ անցկացնել այն երիտասարդների և ազդեցիկ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պետք է դառնան այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում ծրագրված ապակառուցողական գործողությունների և անօրինական գործողությունների առանցքը», — պնդել են ՊԱԾ-ում:

Ի դեպ, ՊԱԾ-ը նման թեմայով առաջին անգամ հայտարարություն է տարածել սեպտեմբերի 18-ին, որում ասվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին նախատեսվում է «ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ»։ ՊԱԾ-ը նշել էր՝ դա նախատեսված է Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս գործող անձանց որոշակի խմբի կողմից։

Ուշագրավ է նաև, որ ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը «հակամայդան» է հայտարարել այն բանից հետո, երբ ՊԱԾ-ը «Մայդանի սցենարի» մասին տեղեկությունը տարածեց. նրանք մարզերում հանդիպումներ են ծրագրել՝ մարդկանց իրազեկելու համար և սկսել են միջոցներ հավաքել։

Ընդգծենք՝ 2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե արդյո՞ք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի վերջը, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։

Տեսանյութեր

Լրահոս