Ղարաբաղյան բանակցային գործընթացում Արևմուտքը ևս ունեցել է բացթողումներ. վերլուծաբան
«Արցախում հայ գրեթե չի մնացել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իմ վերջին տեղեկությունը։ Արցախցիների վերջին խմբերն են ներկայում հեռանում Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը՝ պաշտոնյաներ, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորականներ, ոմանք՝ հատուկ պահանջմունքներով։ Նրանք նույնպես պատրաստվում են հեռանալ»,- նշել է նա։
Ավելի վաղ նա նաև նշել էր, որ Արցախում բոլորը սպասում են արագ հեռանալու իրենց հերթին։
«Մնացածը կամ Հայաստանում են, կամ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել Ադրբեջանի ստրկության տակ ու դաժան սպառնալիքի ներքո։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- գրել էր նա։
Նախօրեին էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ ևս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։
«Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են»,- ասել էր Սանոսյանը։
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին` ժամը 07:30-ի դրությամբ, Արցախից Հայաստան է ժամանել 100.417 անձ, 21.052 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձերբակալում է Արցախը պաշտպանած գեներալների և իշխանության ներկայացուցիչների, այնինչ ավելի վաղ հայտարարում էր համաներման հնարավորության մասին։ Այդ մասին Ալիևի հայտարարությունը նույնիսկ ողջունել էր ԱՄՆ Պետդեպը։
168․am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ տեղի ունեցող ցավալի զարգացումները և հայերի զանգվածային ելքը Լեռնային Ղարաբաղից բնականաբար խոսում են այն մասին, որ բանակցությունները, մեղմ ասած, հաջողված չեն եղել, որի պատասխանատուները բոլոր միջնորդներն են։
Նրա համոզմամբ, գլխավոր պատասխանատուն Ռուսաստանն է, որը տեղում ռազմական ներկայություն է ունեցել պատերազմից հետո, և որքանով իրեն է հայտնի՝ խաղաղապահները չեն կարողացել կամ չեն ցանկացել իրենց առաքելությունը հաջողությամբ իրականացնել, իսկ կողմերի միջև տրամադրությունները մշտապես են լարված եղել, չի հաջողվել դուրս գալ ուղիղ բանակցությունների, մշտապես բանակցություններում եղել են միջնորդներ։
Նա նշեց, որ մի իրավիճակում, երբ աշխարհում այդ միջնորդները պայքարում են միմյանց դեմ, նույնիսկ միջնորդների գործունեությունը երբեմն միմյանց խանգարել է։ «Չափազանց բարդ իրավիճակ էր, և սա չէր կարող չունենալ հետևանք, ինչը, կրկնեմ, որ ցավալի է»,- ասաց նա։
Ըստ նրա, անշուշտ, Արևմուտքը ևս ունի բացթողումներ, ներդրել է միջնորդական ջանքեր ամենաբարձր մակարդակով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ, և որոշ կարևոր հարցերում չկարողացան բեկում գրանցել։
«Կարևոր էր կազմակերպել բանակցային գործընթացը, որի մասին հենց իրենք խոսում էին, բնակչության անվտանգությունն ու իրավունքները ապահովելու նպատակով։ Սակայն դրան, կարծես, չկարողացան հասնել ԼՂ-Ադրբեջան տարաձայնությունների պատճառով։ Ներկայումս տեղի ունեցողն ամենևին չի նշանակում, թե այս հարցերն առաջիկայում չեն դրվի սեղանին ու քննարկվի, դա չափազանց կարևոր է։ Տեսում ենք, որ ՄԱԿ-ի առաքելություն է մեկնում ԼՂ, Արևմուտքը հետաքրքրված է թեմայով, բայց խանգարել է նաև այն, որ այդ ռեգիոնը փակ էր Արևմուտքի համար, այնտեղ Արևմուտքը չի ունեցել ներկայություն, լավատեղյակ չէ բոլոր նրբություններին։ Դա ևս ինքնին սխալ է։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ մասին գնահատականներ կլսենք»,- ասաց նա։