Հայաստանից վերջին երկու օրերին 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ ու վերադարձել՝ տեղափոխելով բռնի տեղահանվածներին

Հայաստանից վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և տեղափոխել բռնի տեղահանված 2900 անձի:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նախօրեին արդեն Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերից հետո վերադարձել են: Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել են Գորիսի կամ Վայքի կենտրոններ»,-ասաց մամուլի քարտուղարը:

Բաղդասարյանի խոսքով՝ տեղափոխված այդ անձինք հիմնականում եղել են ծերեր, խոցելի խավի ներկայացուցիչներ, և այս մարդկանց հոգածությունն առավել կարևոր է պետության համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Սեպտեմբերի 30-ի վերջին թարմ տվյալով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի:

Տեսանյութեր

Լրահոս