Արա Բաբլոյանը բաց նամակով դիմել է Ալիևին՝ հիշեցրել նրա խոստումը

ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Իլհամ Ալիևին, որում աված է.

«Բաց նամակ Իլհամ Ալիեւին

Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել եւ փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ եւ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե’ հայկական եւ թե’ ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:

Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին եւ ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե’ որպես երկրի նախագահ եւ թե’ որպես տղամարդ:

Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջեւ, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգեւորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ եւ շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում:

Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, եւ որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների եւ ոչ թե ավելի ուշ` գեւերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո:

Արա Բաբլոյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
29.09.2023
Երեւան, Հայաստան»

Տեսանյութեր

Լրահոս