ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը. Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար հասանելիության կարևորությունը։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ ստեղծելու մասին։

Միլլերը նշել է, որ Աղետների արձագանքման թիմը կհամակարգի Միացյալ Նահանգների հումանիտար արձագանքը։

«Այս թիմը կգնահատի իրավիճակը և կորոշի առաջնահերթ կարիքները՝ ավելացնելու օգնությունը և աշխատելու գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ապահովելու համար», – նշել է Միլլերը։

Նա նաև կրկնել է հրադադարը պահպանելու, հումանիտար կարիքների ապահովման կարևորությունը։ Միլլերն ընդգծել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ տարածաշրջան ուղարկել անկախ միջազգային դիտորդական առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ապահովելու թափանցիկություն և վստահություն։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին, դա շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին։

«Կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք մեծապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Կարծում ենք՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են հեռանալ, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են վերադառնալ։ Դա որոշում է, որը նրանք բոլորը պետք է կայացնեն որպես անհատներ, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կարողանան այդ որոշումը կայացնել իրենց համար: Եվ մենք գտնում ենք, որ պետք է անխոչընդոտ հումանիտար հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը կարողանում է ստանալ անհրաժեշտ աջակցությունը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս