ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին, համապատասխան արձանագրությունը հնգօրյա ժամկետում կուղարկվի Հայաստանի վարչապետին:

Արձանագրությունը ԿԸՀ բոլոր անդամների կողմից ստորագրվեց հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում:

ԿԸՀ-ում ստացվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վահագն Կարապետի Հայրապետյանի, Մարգարիտ Վահանի Խաչատրյանի, Ռուզաննա Գրիգորի Երեմյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները՝ վավերացված նոտարական կարգով:

ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված այս թեկնածուների գրանցումները:

Ապա` ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ընթերցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին գրանցելու մասին արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրվեց ԿԸՀ բոլոր անդամների կողմից, կնքվեց և վավերացվեց: Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը հնգօրյա ժամկետում ուղարկվում է վարչապետին:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս