Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը լրացել է սեպտեմբերի 27-ին, մասնակից 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի բողոքարկել:
Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նիստում:
Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ողջ ընտրական համակարգին շնորհակալություն հայտնեց ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին լրացել է ընտրությունների բողոքարկման ժամկետը: Եվ 14 մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները չի բողոքարկել Վարչական դատարան:
«Ընտրություններն անցել են մրցակցային, բուռն, լարված պայմաններում, բայց այն փաստը, որ 14 մասնակիցներից որևէ մեկը չի բողոքարկել ընտրության արդյունքները, ինքնին փաստում է, որ ընտրական համակարգն իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է: Եվ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրությունները մեզանում արդեն կայացած իրողություն են: Դա նաև ընդունում են քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին»,-ասաց Հովակիմյանը:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։