Գորիսի բռնի տեղահանվածների կենտրոնում տոտալ «բարդակ» է, կյանքն ու մահը՝ գաղթի ճանապարհներին. պետական մարմինները ձախողել են

Արցախի ամբողջական հանձնումից հետո արդեն մի քանի օր է՝ բռնի տեղահանված կապույտ անձնագիր ունեցող մեր հայրենակիցները գալիս են Հայաստան՝ տառացիորեն անցնելով տառապանքի ուղիներով:

Կես ժամանոց ճանապարհը անմարդկային խցանումների պայմաններում 2 օրում անցնող արցախցիներին Գորիս հասնելուց հետո առանձին փորձություն է սպասվում: Գորիսը ռեզինից չէ, և Գորիսի ու համայնքային իշխանությունների հնարավորություններն անսահման չեն: Ու որքան էլ տեղական իշխանություններն ամեն բան անում են՝ իրենց բնօրրանից տեղահանված մեր հայրենակիցներին պատշաճ կերպով ընդունելու համար, փաստ է, որ Գորիսի՝ Արցախից բռնի տեղահանվածների կենտրոնում կառավարման «կատարյալ» բարդակ է, ու դրա պատասխանատուն Կառավարությունն է՝ ի դեմս, նախ և առաջ, Առողջապահության ու Սոցապ նախարարությունների, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի:

Ընդ որում, այս տեղահանությունն անակնկալ չի եղել Կառավարության համար. սա առնվազն խիստ սպասելի էր, թերևս այս իշխանությունները հույս ու ակնկալիք են ունեցել առհասարակ չմտնել այս թեմայի մեջ: Դրան էր միտված Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից տառացիորեն ժամեր առաջ արած այն արտահայտությունը, թե արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում, ու նրանք պետք է վերադառնան իրենց տները:

Անելիքներն իրար վրա գցող նախարարությունները բավական ժամանակ են ունեցել մեր հայրենակիցներին ընդունելուն նախապատրաստվելու համար, ինչը չեն արել դիտմամբ կամ ապիկար կառավարման արդյունքում:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ երեկոյան և գիշերվա ժամերին Գորիսի բռնի տեղահանվածների կենտրոնում հաշվառվելուց հետո տեղահանվածներին գիշերելու համար արդեն տեղ չի հատկացվում:

ՀՀ մուտք գործելուց հետո տեղահանվածների շրջանում պատշաճ իրազեկում չի իրականացվում Գորիսում կատարվող աշխատանքների, վայրի, անհրաժեշտ քայլերի հաջորդականության վերաբերյալ, բացառությամբ՝ Գորիսի համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքների:

Տասն ամիս տոտալ շրջափակման մեջ գտնված մեր հայրենակիցները խուճապահար և հուսալքված վիճակում են՝ չունենալով վառելիք, սնունդ, ֆինանսական միջոցներ, տաք հագուստ և այլն, որովհետև նրանցից շատերը մազապուրծ են փախել ադրբեջանցիների հարձակումից հետո՝ հասցնելով փրկել միայն իրենց երեխաների կյանքը: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք հասցրել են փաստաթղթեր վերցնել իրենց հետ:

Նրանց մի մասը ստիպված գիշերում է ավտոմեքենաներում, քանի որ Գորիսի բռնի տեղահանվածների կենտրոնում այլևս գիշերելու տեղ չեն հատկացնում. պարզապես Գորիսում այլևս չկա ոչ մի ազատ հյուրանոց կամ կացարան։

Դա է պատճառը, որ տեղահանվածների մի մասն անգամ իրենց մանկահասակ, շատ դեպքերում՝ մի քանի ամսական երեխաների հետ քնում են մեքենաներում՝ առանց տաք ծածկոցների։

Պետական գերատեսչությունների կողմից առաջնային կարիքի հաշվառման հարթակում տեղահանվածների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է ոչ պատշաճ, կամ աշխատակիցները երբեմն չեն լրացնում՝ մերժելով կամ սխալ ուղղորդելով, իրազեկելով տեղահանվածներին։

168.am-ի հետ կապ հաստատած արցախահայերը կասկածներ ունեն, որ իրենց տվյալները չեն հաշվառվում, որպեսզի հետագայում սոցիալական և այլ աջակցություն չտրամադրեն, ինչպես արվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Մեր տեղեկություններով՝ Գորիսի շտաբում չեն տրամադրում նաև հիմնական սնունդ, քանի որ պետական մարմինների կողմից նշվել է, որ արցախցի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության տրամադրման համար Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակիցների կողմից պետք է իրականացվի կարիքի գնահատում։ Քիչ թե շատ համակարգված աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն ոչ այն ծավալով, որ անհրաժեշտ է նման դեպքերում: Կտրված է կապը համայնքապետարանների ու մարզպետարանի միջև:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում բռնի տեղահանվածների զննությունը անասելի երկար է տևում, և այստեղ դիտավորության տարրեր կան:

«Հայաստանի իշխանություն, ոչ մեկիս մոտ կասկած չի հարուցում ձեր դավաճանական պահվածքը, բայց այդ կարգի խիղճներդ կորցրել ե՞ք, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք:Ադրբեջանցիները քիչ էին` սրանք էլ կողքից իրենց փայ զրկանքներն են բերում մեր ժողովրդին: Արագ կարգավորեք մարդկանց շարժերը` սոցիալական ապահովումներից մինչև մեքենաների տեղաշարժ»,- մասնավորապես գրել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Իսկ այսօր էլ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանն էր գրել, որ բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը ունեն խրոնիկ հիվանդություններ և ամենօրյա դեղորայքի կարիք, որը այս պահին փաստորեն չի տրամադրվում:

Կենտրոնում, մեր տեղեկություններով, շնչելու օդ չկա, շտապ բուժօգնության մեքենաները, ինչպես հարկն է, չեն հերթապահում, առավոտյան վատացել է տեղահանվածներից մեկի ինքնազգացողությունը:

Այս ամենի ֆոնին Գորիսի բռնի տեղահանվածների կենտրոնում հպարտորեն, գլուխը բարձր՝ արցախցիների ստվար շարքերի միջով անցնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հասմիկ Հակոբյանը, իր քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանի մի ստորագրությամբ Օմարը թշնամուն հանձնած երբեմնի «Օմարի արծիվ» Վիլեն Գաբրիելյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այլք:

Եվ ամենակարևորը. Գորիսում էր նաև Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը, ով տարատեսակ ամերիկացի պաշտոնյաների ու բռնի տեղահանվածների հետ նկարվելուց ու վերադառնալուց բացի, ենթադրվում էր, որ տեղում պետք է արձանագրած լինի կառավարման տոտալ ամենաթողությունը, պետական մարմինների կաթվածահար վիճակն ու ստիպեր, պարտադրեր աշխատել, անտարբեր չլինել, ըստ պատշաճի կազմակերպել բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու աշխատանքները: ՄԻՊ-ը պետք է որ իմանար, որ եթե կարիքների հստակ առաջնային գնահատում տեղի չի ունենում, հետո արդեն ավելի լուրջ պրոբլեմներ են ի հայտ գալու: Հուսանք, որ հրապարակային քննադատությունից խուսափող ՄԻՊ-ը դա անում է թիմի ներսում:

Եվս մեկ լուր. 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Արցախից դեպի Գորիս տեղահանման ճանապարհին կյանքն ու մահը հաջորդում են միմյանց. Ճանապարհներին արդեն իսկ 4 երեխայի ծնունդ ու 3 անձի մահ է արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս